«Դեղի փող ա, ուտելիքի փող ա, ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք անելու». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի

Այսօր առավոտից Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ավտոերթ էին անում, ապա բողոքի ակցիա Կառավարության, Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն: Նրանք ցանկանում են վերադառնալ Ռուսաստան: Պահանջում են Կառավարությունից դիվանագիտական կապերն օգտագործել և վերադարձնել իրենց աշխատանքին ու ընտանիքներին: Ցուցարարներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հունվարին ամուսնու հետ եկել են Հայաստան՝ բուժման նպատակով, և չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքի մոտ:

«Ամուսինս վիրահատությունից հետո երեք ամիս տունն է, ի վիճակի չէր, որ մենք վերադառնայինք: Մարտից սկսվեց այս կարանտին կոչվածը, անընդհատ երկարացնում են: Ինքնաթիռի վճարն էլ այնքան բարձր էր, որ չկարողացանք վճարենք, գնանք, մի որոշ ժամանակ կային ինքնաթիռներ: Հիմա ոչ էլ ինքնաթիռ կա: Ոչինչ, ասեցինք, պարտք կանենք, տոմս կգնենք, կգնանք, կուղարկենք հետո, հիմա տոմս էլ չկա, գոնե ավտոբուսով գնանք: Տոմսի համար 150-160 հազար դրամ էին առաջարկում»:

Տիկինը պատմեց, որ ինքն ու ամուսինը Հայաստանի քաղաքացի են, սակայն ժամանակավոր կացության քարտ ունեն Ռուսաստանում: Իրենց որդին Ռուսաստանի քաղաքացի է, շուտով իրենք էլ են քաղաքացիություն ստանալու:

«Երկուսս էլ թոշակառու ենք, առողջական խնդիրներ ունենք, մտածեցինք՝ գանք, մեր հայրենիքում ավելի լավ մեզ կընդունեն, մեր բուժման հարցը կլուծեն, բայց հակառակը, ուր գնում ես՝ գումար: Որոշել եմ՝ գնամ Ռուսաստանում շարունակեմ իմ բուժումը»,- ասաց ցուցարարը:

Նա պնդեց, որ այլևս չեն կարողանում այստեղ մնալ, քանի որ արդեն ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել:

«Դեղի փող ա, ուտելիքի փող ա, ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք անելու: Ինչի՞ չեք կարում էդ հարցը լուծեք, ինչքա՞ն պիտի սենց մնանք»:

Հարցին, թե ի՞նչ պահանջով են հիմա էլ ՌԴ դեսպանատան դիմաց, կինը պատասխանեց.

«Գոնե մեզ օգնեն, ավտոբուսներով գնանք, հասնենք մեր տուն: Մեր նպատակն է՝ գնանք ստեղից»:

Տեսանյութեր

Լրահոս