Համաշխարհային հայկական կոնգրեսը սատարելու է Սերժ Սարգսյանին
Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այսօր հայտարարել է, որ 2013թ, նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի փոխանցմամբ` Հայաստանի գործող նախագահին սատարելու մասին որոշումն ընդունվել է երեկ` կոնգրեսի խորհրդի նիստում: «Խորհրդի որոշում է դա,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ա. Աբրահամյանը` փաստարկելով,- Մենք առայժմ չունենք այլ թեկնածու: Ոչ մեկը չի հայտարարել»:
Դիտարկմանը, թե դեռ ընդդիմությունը կարող է թեկնածու առաջադրել, նա արձագանքել է. «Երկու ամսում չեն դառնում նախագահ: Նախագահ դառնալու համար պետք է պատրաստվել»:
Աբրահամյանի խոսքով` Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու շատ պատճառներ կան. օրինակ, նա խոստացավ և ստեղծեց Սփյուռքի նախարարությունը: