Բաժիններ՝

Գեղամ Գևորգյանը նորից ուզում է ստանձնել Արայիկ Հարությունյանի հրահանգները կատարողի դերը

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին իշխանությունները դիտարկում են՝ որպես տարբերակ Բ` ԵՊՀ֊ում կառուցվածքային փոփոխություններ անելու համար, որոնք միտված են լինելու պաշտոնավարող դեկաններից ազատվելուն: Այս մասին 168.am-ին հայտնեց ԵՊՀ-ին մոտ գտնվող մեր աղբյուրը:

«Արայիկ Հարությունյանը հենց դարձել է ԿԳՄՍ նախարար, իր թիվ մեկ խնդիրը եղել է համալսարանի ղեկավարությունը փոխելը, առաջինը նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն էր, քանի որ նա ԵՊՀ բոլոր աշխատակիցներին պաշտպանում էր:

ԿԳՄՍ նախարարին համալսարանում այնքան որակը չի հետաքրքրում, որքան մարդիկ: Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի առաջին տարբերակում գրված էր, որ դեկանները նշանակվում են, իսկ ներկայում նրանք ընտրվում են: Նախարարը հույս ուներ, որ իր նշանակած ռեկտորը դեկաններին կնշանակեր, բայց դա մեծ աղմուկ բարձրացրեց, որ դա ժողովրդավարությանը դեմ է, և համալսարանական և արտահամալսարանական ոլորտի մասնագետներն ասացին, որ Արայիկ Հարությունյանը ժողովրդական նորմը սարքում է ոչ ժողովրդավարական, ինչը շատ վատ կարող էր ընկալվել նաև Արևմուտքի կողմից»,- հայտնեց մեր աղբյուրը:

Նրա խոսքով՝ դրանից հետո ԿԳՄՍ նախարարությունից ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանին հանձնարարել են ստորաբաժանումները լուծարել, որպեսզի կարողանան «նոր դեմքեր» բերել համալսարան.

«Դեկտեմբերին Գեղամ Գևորգյանը սկսեց հանդիպումներ ունենալ գիտխորհուրդներում, ասաց, որ համալսարանը պետք է վերակառուցման ենթարկվի, ասաց, որ ֆակուլտետները պետք է լուծարվեն և դրանց փոխարեն՝ պետք է ստեղծվեն ինստիտուտներ կամ դեպարտամենտներ: Օրինակ՝ պետք է ստեղծվի լեզվի ինստիտուտ, որի մեջ կմտնեն բոլոր լեզուները՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, ռոմանո, արևելագիտություն և այլն: Զավեշտալի դեպք եղավ, երբ Արևելագիտական ֆակուլտետում ասացին, որ ուզում ես արևելագիտությունը միացնել լեզվին, բայց սա նաև պատմություն է, գիտություն է, Գևորգյանն էլ պատասխանեց, որ դա էլ միացնելու է քաղաքագիտությանը: Մասնավորապես նշել է. «Արևելքը շատ սուբյեկտիվ բան է, նայած, թե դու որտեղ ես գտնվում»:

Դեկանների և գիտխորհուրդների հետ հանդիպումներն էլ փակ ֆորմատով են եղել: Արդեն 2020 թվականի հունվար ամսին եղավ համալսարանի գիտխորհրդի նիստ, որտեղ Վահե Հովհաննիսյանը՝ ռեկտորի թեկնածուներից մեկը, Գեղամ Գևորգյանին «չախեց», ասաց, որ՝ դու ԺՊ ես, չունես կառուցվածքային փոփոխություն անելու լիազորություն, որովհետև ընտրվել ես օպերատիվ կառավարում իրականացնելու համար, ոչ թե զարգացման ծրագրեր: Երբ ձեզ կընտրեն ռեկտոր, նոր այն կանցկացնեք, հիմա դրա իրավունքը չունեք:

Հունվարին Գեղամ Գևորգյանը գնացել է ԿԳՄՍՆ, ասել է, որ՝ ձեր հանձնարարությունը չեմ կարող անել, քանի որ ես ռեկտոր չեմ, երբ ռեկտոր կընտրեք, նոր դա կկարողանամ անել:

Դրանից հետո ԵՊՀ-ում ռեկտորի մրցույթ հայտարարվեց, Գեղամին ասել էին՝ դու չառաջադրվես, քանի որ քեզ չենք աջակցելու: Հունվարի վերջին ինքը հայտարարեց, որ չի առաջադրվելու:

Իշխանության թեկնածու դարձավ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի դեկանը՝ Վահրամ Դումանյանը: Նա հանդիպումներ է սկսել համալսարանականների հետ, սկսել է դեկաններին խոստանալ, որ՝ դուք մնալու եք, որ իրեն աջակցեն, բայց սրան զուգահեռ՝ Արայիկն ու Սամվել Կարաբեկյանը՝ իր խորհրդականը և դասախոսը, սկսել են ինչ-որ մարդկանց պաշտոններ խոստանալ ԵՊՀ-ում, օրինակ, Լիլիթ Մկրտչյանին՝ «Պատմության չափորոշիչների» ղեկավարին, խոստացել են ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնը, Դավիթ Թինոյանին, որը նույն խմբից է, որին խոստացել են Պատմության դեպարտամենտի ղեկավար: Սիրանուշ Դավոյանին խոստացել են «Բանասիրական»-ի դեկան, և այլն:

Քանի որ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի դեկանը՝ Վահրամ Դումանյանը, շատ վատ իմիջ ունի, նորից հիմա Գեղամին հարցրել են՝ կանե՞ս մեր ասած փոփոխությունները, որ ռեկտոր դառնաս, պատասխանել է՝ հա: Հիմա նորից իրեն են առաջարկել, հասկացել են, որ Դումանյանը չի կարող դառնալ ռեկտոր: Հիմա Գեղամը ԵՊՀ-ում սարքելու է ինստիտուտներ և դեպարտամենտներ:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հատարարեց, քանի որ նոր խորհուրդ է, պետք է հին մրցույթը չեղյալ համարել և նոր մրցույթ հայտարարել, իսկ դա արվում է նրա համար, որ Գեղամ Գևորգյանը կարողանա առաջադրվել, նա էլ լինելու է իշխանության թեկնածուն»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդն այս պահին նամակ է գրում Արդարադատության նախարարությանը՝ հասկանալու համար, թե ո՞նց կարող է մրցույթը չեղյալ հայտարարել և նոր մրցույթ հայտարարել, քանի որ ԵՊՀ կանոնադրությամբ ու խորհրդի աշխատակարգով նման բան նախատեսված չէ:

«Այսքան ժամանակ ռեկտոր չէին ընտրում, որ փոփոխություններն անեին, նոր ռեկտոր գար, հետո էլ հասկացան, որ Վահրամ Դումանյանը չի կարող, դրա համար կրկին Գեղամ Գևորգյանին են առաջադրելու, քանի որ նա բոլորի հետ երկար աշխատել է, պրոռեկտոր է եղել Արամ Սիմոնյանի ժամանակ, և եթե Դումանյանին 16 ձայն կարող են տալ Հոգաբարձուների՝ կառավարության և նախարարության ներկայացուցիչները, ապա Գեղամ Գևորգյանին ևս 2 ձայն ավելի կտան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս