«Մահացել են մասնաճյուղի և զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները». «Պռոշյան կոնյակի գործարան»-ի տնօրեն

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել, 4-ը՝ տուժել:  Գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ 200 աշխատակից ունեն, ներսում էլ խաղողի մթերման գործընթաց էր: Իրենց  արդեն հայտնի է, թե ովքե՞ր են մահացողները:

«Մասնաճյուղի տնօրենն ա մեկը մահացել, և մահացել է Արենը՝ զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը: 4 տուժածները Երևան են տեղափոխվել, ասում են՝ միջին այրվածքներ են»,- ասաց Գասպարյանը:

Գործարանն այս պահին չի աշխատում: Տնօրենն ասաց, որ տարածքը հոսանքազրկել են:

«Խաղողը կանգնած ա, մթերում էր գնում, մեծ թափով մթերում էր գնում, հիմա ամեն ինչը կանգնացրել ենք, խաղողը տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ: Բոլոր մթերողներին ասել ենք՝ տարեք մյուս մասնաճյուղում թող մթերեն, որ չփչանա»,- ասաց Գասպարյանը:

ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Տեսանյութեր

Լրահոս