Բաժիններ՝

Կապիտալի արտահոսքը վատ բան չի

Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների փոխնախարար  Ալեքսեյ Մոիսեևը։  Վերջինիս համոզմամբ, վերջին ամիսներին նկատվող կապիտալի արտահոսքը Ռուսաստանից դրական երևույթ է։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։

Մոիսեևն ասել է, որ կապիտալի արտահոսքի թեման քննարկվում է առանձին, առանց մյուս հանգամանքները հաշվի առնելու։ Ըստ փոխնախարարի, այդ երևույթը հավասարակշռող ազդեցություն ունի և հեռացնում է ավելցուկային լիկվիդայնությունը, որը տնտեսությունն ի վիճակի չէ մարսել։

Ա. Մոիսեևը նկատել է, որ դա ռուսական ներդրողներին հատուկ ֆենոմեն է. փողը վաստակում են Ռուսաստանում և ներդնում արտասահմանում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանում նկատվում է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսք։

Փոխնախարարը կարծիք է հայտնել, որ կապիտալի արտահոսքը ներհոսքի կվերածվի, եթե կյանքի կոչվի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսյան հրամանագիրը։ Դրանում մասնավորապես խոսք է գնում Ռուսաստանի ներդրումային գրավչության մեծացման և Doing Business զեկույցում երկրի դիրքը 100 հորիզոնականով բարձրացնելու մասին (ներկայումս ՌԴ-ն զբաղեցնում է այդ վարկանիշի 100-րդ հորիզոնականը)։ Այդ դեպքում, ըստ Մոիսեևի, ռուսաստանյան ընկերությունների մոտ ցանկություն կառաջանա իրենց կապիտալը թողնել երկրում։

Ավելի վաղ կապիտալի արտահոսքի նմանատիպ տեսակետ էր հայտնել ֆինանսների նախարարի մյուս տեղակալը՝ Սերգեյ Ստորչակը։ Վերջինիս խոսքերով, այդ երևույթի մեջ սարսափելի ոչինչ չկա։

Միայն 2011 թվականի ընթացքում Ռուսաստանից արտահոսքը կազմել է 84 միլիարդ դոլար, որը ռեկորդային ցուցանիշ է վերջին 3 տարվա կտրվածքով։ Ընթացիկ տարում, ըստ ՌԴ Կենտրոնական բանկի կանխատեսումների, այդ թիվը կգերազանցի 70 միլիարդը։

Ավելացնենք, որ կապիտալի արտահոսքի թեման արդիական է նաև Հայաստանում։ Սակայն, ի տարբերություն ռուս գործարարների և իշխանությունների, այստեղ գերադասում են լռել՝ գաղտնի պահելով, որ իրենց գումարները ներդրվում են արտասահմանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս