«Մի սորոսական գրասենյակի տիկին այսօր մատ է թափ տալիս ՀՀ իշխանության վրա». Մարգարիտ Եսայան

«Կոնսոլիդացիան ինքնըստինքյան պետք  է լինի, վստահ եմ, որ քաղաքական ուժերն այնուամենայնիվ, ինչ-որ բանակցությունների, քննարկումների մեջ գտնվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Նայելով հայտարարությունները, հարցազրույցները, քաղաքական ուժերի ղեկավարների պահվածքը, իրենց գործողությունները, հասկանում եմ, որ ինչ որ պրոցեսներ այնուամենայնիվ ընթանում են, բայց դրա մասին հայտարարելն էլ  է քեզ դարձնում անպաշտպան, նույնիսկ, եթե ես ինչ-որ բան գիտեմ, չեմ կարող հրապարակավ ասել, որ՝ այո, այսինչ բանը լինում է, այսինչ օրը, այնինչ ժամին, դա կլինի շատ պարզ մանկական միամտություն, բայց որ քաղաքական ուժերն այս իրավիճակը գնահատում են շատ վատ և իրենք գնահատում են, որ սրանից իրենք ելքեր պետք  է որոնեն հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի և Արցախի ժողովրդի անվտանգության, այդտեղ երկրորդ կարծիք չկա»,- ասաց Մարգարիտ Եսայանը

Նրա խոսքով՝ 21-րդ դարում հայտնվել ենք փոսի մեջ, ընդ որում, հայտնվել ենք դեմոկրատիայի ճռճռան անվան տակ.

«Հեղափոխություն ճռճռան անվան տակ՝ հայտնվել ենք մի տեղ, որտեղ արդեն սկսում ենք մտածել, թե դեմոկրատիան արդյոք լա՞վ բան էր, թե՞ վատ բան, արդյո՞ք սա դեմոկրատիա էր, թե՞ լավ բեմականացված ներկայացում էր: Այն միտքը, որ արտաքին աշխարհում, որպես պետություն՝ դարձել ենք մերժված… նույնիսկ Արևմուտքի շատ երկրներ մեզ լուրջ չեն ընդունում, Ռուսաստանի, Իրանի վերաբերմունքը մեր նկատմամբ: Չինաստանի հետ էլ չունենք լավ հարաբերություն, հիմա ո՞ւմ հետ ունենք լավ հարաբերություններ, մենակ Ադրբեջանի ու Ադրբեջանի նախագահի մասին ենք դրական բաներ լսել: Չի՛ կարելի այսպես երկիր կառավարել, չի՛ կարելի առանց կրթության, առանց պետական ճանապարհ անցնելու, առանց կառավարման փորձի, չի՛ կարելի դառնալ երկրի ղեկավար  և չի կարելի ղեկավարել: Դա մի փորձանք էր, որի մեջ մենք հայտնվեցինք  և հիմա պետք է ամեն ինչ անենք այդ փորձանքից մեր երկիրը դուրս հանելու համար»:

Եսայանն անդրադարձավ նաև այն հասարակական կազմակերպություններին, որոնք, ըստ նրա՝ մեծ դերակատարում են ունեցել Հայաստանում հեղափոխություն իրականացնելու գործում և այսօր փորձում են կառավարել մեր երկիրը:

«Այսօր խորհրդարանումմ չունենք մեկ միասնական քաղաքական ուժ, չունենք մեծամասնություն, որն ամբողջովին Նիկոլ Փաշինյանինն է: Նիկոլ Փաշինյանին նույնիսկ խղճում եմ, որովհետև այդ «մեծամասնությունը», որ թվացյալ մեծամասնություն է, երբ պահը գա, կտեսնեք, թե իրականում քանի հոգի է Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած, որպես քաղաքական միավոր՝ ինքը ոչինչ է դառնալու այդ ժամանակ: Երբ ֆորս-մաժոր լինի, իսկ ֆորս-մաժոր վստահաբար լինելու է խորհրդարանում, այդ թևերն այնպես սիրուն են բաժանվելու և հում-հում ուտելու են Նիկոլին, մենք չէ, իրենք: Դուք նայեք «Սորոսի գրասենյակի» տիկնոջ ասուլիսը, երբ ինքն ընդամենը դրսից ֆինանսավորվող հիմնադրամի ղեկավարն է Հայաստանում, որևէ պետական պաշտոն չունի, բայց իրեն այնքան վստահ է զգում, որ իշխանության վրա մատ թափ տվեց, մատ թափ տվեց Նիկոլի իշխանության վրա:

Այսինքն՝ ինքը վստահ է, չէ՞, որ խորհրդարանում իր ներկայացուցիչներն այնքան  ուժ են ներկայացնում, որ ինքը կարող  է… Իմ սիրտը ցավաց, անկեղծ եմ ասում, այս իրավիճակում ինքը շատ վատ վիճակում է հայտնվելու, որովհետև մի սորոսական գրասենյակի տիկին, որը տարիներ շարունակ՝ բերել է, աճեցրել է, իր ճտերին դարձրել  է ինչ որ բաներ, այսօր մատ է թափ տալի ՀՀ իշխանության վրա, և վերանանք, ով է վարչապետը: Ապշեցի, որ համարժեք պատասխան, հակադարձում գոնե Նիկոլի թիմից չեղավ, որ՝ տիկին ջան, դու ո՞վ ես, ընդամենը մի ՀԿ-ի ներկայացուցիչ ես Հայաստանի Հանրապետությունում, դու ո՞վ ես, որ ՀՀ իշխանության վրա մատ ես թափ տալիս: Էլի եմ ասում, այդ վերջը շատ դաժան է լինելու առաջին հերթին՝ Նիկոլի համար, և այս դեպքում ես իրեն չեմ խղճում»,- եզրափակեց Եսայանը:

Տեսանյութեր

Լրահոս