«Արսեն Թորոսյանը կա՛մ շատ լավ հասկանում է, կա՛մ էլ արդեն տեղեկատվություն ունի, որ կարող է լինել քավության նոխազ, ուստի սկսել է պաշտպանիչ միջոցառումներ ձեռնարկել». Քաղտեխնոլոգ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շատ վաղուց է հանդիպել և իր հրաժարականի մասին խոսակցություն չի ունեցել․ «Վարչապետի հետ, նույնիսկ չեմ հիշում, վերջին անգամ երբ եմ հանդիպել, այնքան վաղ է եղել, հետևաբար, նման խոսակցություն չեմ ունեցել: Նման հրապարակումներ կան արդեն երկու տարի, հետևաբար՝ իմաստ չեմ գտնում պատճառներ փնտրել, թե ինչու»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, Արսեն Թորոսյանը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության: «Բոլոր գերատեսչություններն իրենց մասով արել են իրենց աշխատանքները և շարունակում են անել»,- նշել է նա։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով նախարարի այս հայտարարություններին, ասաց՝ ինչ-որ չափով Արսեն Թորոսյանը ճշմարտությունն է ասել, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարն ամբողջ պետության և հասարակության խնդիրն է, այս հարցը վիճարկելի չէ։ Սակայն, ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ խնդիրն առողջապահական է, հետևաբար՝ պատասխանատվության առյուծի բաժինը կրում է առողջապահական համակարգի ղեկավարը։
«Ենթադրվում է, որ առողջապահական համակարգի ղեկավարի կարծիքը, տված խորհուրդները կամ ցուցումները, ձևավորված կարծիքն այս կամ այն խնդրի շուրջ, պետք է որ հիմք հանդիսանա այլ պաշտոնյաների համար, այդ թվում՝ երկրի ղեկավարների համար։ Այս առումով, իհարկե, առաջնային նշանակություն ունի առողջապահական համակարգի որակը, ղեկավարի կառավարման ունակությունները, ճիշտ և սխալ վերլուծություններ, եզրակացություններ անելու կարողությունները, և այլն»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Միաժամանակ նա նկատեց՝ նման հայտարարությամբ Արսեն Թորոսյանը նաև փորձում է փրկվել քավության նոխազ դառնալուց, քանի որ մի փուլում, երբ հասկանալի կդառնա, որ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալված է, հատկապես, երբ այսօրվա իշխանությունն ամեն օր քավության նոխազներ է փնտրում, ցանկացած պաշտոնյա հասկանում է, որ ինքը կարող է հայտնվել այդ դերում։
«Արսեն Թորոսյանը կա՛մ շատ լավ հասկանում է, կա՛մ էլ արդեն տեղեկատվություն ունի, որ կարող է լինել քավության նոխազ, ուստի սկսել է պաշտպանիչ միջոցառումներ ձեռնարկել»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի այն պնդմանը, թե չի հիշում, թե վերջին անգամ երբ է հանդիպել վարչապետի հետ, քաղտեխնոլոգը նշեց, որ այդ ամենն այդքան էլ արժանահավատ չէ։
«Ինքս այդ սխեման քիչ հավանական եմ համարում, որովհետև կար մի ժամանակաշրջան, երբ վարչապետն ու նախարարը հայտնվում էին նույն տեսախցիկի առջև։ Այնպես չէ, որ այդ ամենը մեր աչքի առջև չէր տեղի ունենում։ Մի քիչ դժվարությամբ եմ հավատում, որ իսկապես այս կորոնավիրուսի պայմաններում, նույնիսկ այս իշխանությունը, որը ցանկացած օրիգինալ բանով կարող է աչքի ընկնել, դժվարությամբ եմ պատկերացնում, որ վարչապետը չի ընդունել կամ չի հանդիպել Առողջապահության նախարարի հետ։ Ըստ իմ տեղեկությունների, ամեն շաբաթ յուրաքանչյուր նախարար հատուկ օր ունի, որի ընթացքում հանդիպում է վարչապետի հետ և քննարկում ոլորտին առնչվող հարցեր, նույնն էլ՝ մարզպետները։ Այնպես որ, կարծում եմ՝ առնվազն շաբաթը մեկ անգամ Արսեն Թորոսյանը հանդիպել է վարչապետին։ Շատ մեղմ եմ ասում՝ թերահավատորեն եմ վերաբերվում նախարարի ասածներին, առավել ևս, որ արդեն մեծ փորձ ունենք, որ նախարարի ոչ բոլոր ասածներն են, որ պետք է ընդունենք՝ որպես ճշմարտություն»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։
Թե Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող այդ իրադարձություններն ինչ սցենարով կարող են ավարտվել, Վիգեն Հակոբյանը նշեց, որ նույնիսկ չհենվելով տարբեր տեղեկատվությունների վրա, բայց միայն այն փաստը, որ կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ, այն էլ՝ այդքան երկար ժամանակով, նշանակում է, որ այստեղ ամեն ինչ նորմալ չէ։
«Կարծում եմ՝ այնուամենայնիվ կա պաշտոնանկության հարց, ուղղակի ժամանակը ձգում են, որպեսզի կրքերը հանդարտվեն, ասեկոսեները դադարեն, թեմայից մարդկանց ուշադրությունը շեղեն և գուցե վերջնականապես գտնեն նրան փոխարինողին»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ Արսեն Թորոսյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ կմեկնի արձակուրդ։