«Մենք մրցույթով ենք մեր դեղերը ձեռք բերում և ամենացածր գներով»
Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնը խախտում չի արել և դեղեր ձեռք չի բերել շուկայականից թանկ գնով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրեն Լևոն Երանոսյանը:
«Մենք մրցույթով ենք մեր դեղերը ձեռք բերում և ամենացածր գներով»,- ասաց Լևոն Երանոսյանը:
Կենտրոնի հաշվապահ Գոհար Ավետիսյանը ևս նշեց, որ կենտրոնը խախտում չի արել. «Նման բան չկա: Մենք հիմա ստուգումների մեջ ենք: Արդյունքների մասին դուք կիմանաք: Բայց մեր մոտ նման բան չկա, մենք այդպիսի խնդիր չունենք: Մեր հիվանդանոցը շատ փոքր է, մեր դեղաքանակներն էլ շատ քիչ են»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել էր դեղորայքի գործով պետգնումների ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Պարզվել էր, որ մոտ հարյուր բուժհաստատություններ անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման:
Դրանով բուժհաստատությունները խախտել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, նրանք իրենց հայեցողությամբ են որոշել՝ ումից դեղորայք գնել: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով բուժհաստատությունները դեղերը ձեռք են բերել շուկայականից եռակի թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է: Պետությունը անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար. 150-ի փոխարեն՝ 350 դրամ: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս: