Հայկ Մարությանը վաղը կգնա՞ աշխատանքի, այսօր նրա արձակուրդի վերջին օրն է
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն օգոստոսի 11-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ՝ մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, և, որ նա արձակուրդը կանցկացնի Հայաստանում:
Մամուլը գրեց, որ հնարավոր է՝ Հայկ Մարությանը թողնի պաշտոնը, և, որ այդ պաշտոնի համար շրջանառվում է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանի անունը:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր այդ լուրը՝ այն որակելով բամբասանք:
Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ նաև քաղաքապետ Մարությանը՝ նշելով, որ
շարունակելու են ծառայել մինչև վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների:
Այսօր օգոստոսի 25-ն է՝ Հայկ Մարությանի արձակուրդի վերջին օրը, 168.am-ը քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեց, թե Մարությանը վաղը գալո՞ւ է աշխատանքի.
«Ինչո՞ւ եք այդ հարցը տալիս. եկեք բամբասանքները չմեկնաբանենք»:
Հակոբյանից, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե արդյոք խոսե՞լ է Հայկ Մարությանի հետ, եթե գալու է աշխատանքի, ինչ-որ բան քննարկե՞լ են:
«Քաղաքապետի օրակարգը ես չեմ մշակում, քաղաքապետի հետ խոսում եմ, իհարկե, նաև արձակուրդի օրերին, շատ և շատ տարբեր աշխատանքային հարցեր ենք քննարկում, իսկ բամբասանքներին քաղաքապետն անձամբ է անդրադարձել»,- պատասխանեց խոսնակը: