Բաժիններ՝

Զոհված ազատամարտիկի այրին պնդում է՝ իրենք Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների նկատմամբ որևէ ավելորդություն թույլ չեն տվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում  «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունից հետո, պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրեց, որ  քննարկվել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը:

Հիշեցնենք՝ հայցվոր կողմը զրպարտություն է համարել Մարգարիտա Խաչատրյանի հետևյալ արտահայտությունը. «Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչև քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու և աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն»։

Հայցում որպես զրպարտություն է եղել նշված նաև  Սաթենիկ Խլղաթյանի հետևյալ արտահայտությունը. «Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր»։

Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ նկատեց. «ՀՀ-ում ունենք չվերացված դատական ակտ, որ Մարտի 1-ին տեղի է ունեցել թալան, և դրա հրապարակային վերարտադրությունը, որ 2008թ. Մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը և այլք կազմակերպել և իրականացրել են զանգվածային անկարգություններ, գոնե այս թեմայի վերարտադրությունը չի կարող համարվել զրպարտություն և վիրավորանք:

Սակայն որպես փաստաբան՝ ես պարտավոր եմ հարցերին սառը նայել, թեև տիկին Խլղաթյանը և տիկին Խաչատրյանը կարծում էին, որ անհրաժեշտ է դատավարությունը շարունակել, քանի որ առկա էին խնդիրներ, մասնավորապես հայցը ներկայացվել էր օրենքով նախատեսված ուշ ժամանակում, հայցային վաղեմության ժամկետ էր լրացվել, իմ կողմից ներկայացվել է միջնորդություն գործի վարույթի կարճման մասին»:

Զոհված ազատամարտիկի այրի Սաթենիկ Խլղաթյանն իր հերթին՝ նկատեց, որ իրենք Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների նկատմամբ որևէ ավելորդություն թույլ չեն տվել և պատրաստ են մինչև վերջ գնալու. «Ներողություն խնդրելու առիթ չունենք:  Եթե ներողություն պիտի խնդրեն, ուրեմն հենց իրենք՝ այդ տասը հոգին, որոնք բացարձակ չեն երևում՝ բացի Քլոյանից: Այս տասը հոգին միասին պետք է ներողություն խնդրեն մեզնից և նրանց ուղղորդողները, որ իրենց վճարում են, որ իրենք գան, էսպես… կանգնեն…:

Չգիտեմ՝ ինչի համար պետք է ներողություն խնդրենք, ուզում եմ հասկանալ՝  մենք ասել ենք՝ կառավարությունը, որ բյուջեից   30 միլիոն հատկացրել է Մարտի 1-ի մահացածներին, թող նույն բյուջեից էլ հատկացնի Արցախյան պատերազմում զոհված ազատմարտիկների ընտանիքներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս