Զգուշավոր լավատես եմ՝ նախագահական ընտրություններում Բայդեն-Հարիս զույգի հաջողության վերաբերյալ 

2020 թ․ նոյեմբերի 3-ին ամերիկյան հասարակությունը, այդ թվում՝ ամերիկահայերը, քվեարկելու են Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի համար։

Թե ում պետք է ընտրենք նոյեմբերի 3-ին որպես նախագահ և փոխնախագահ, խիստ վիճահարույց թեմա է: Գոյություն ունեն ուժեղ և բուռն զգացմունքներ՝ կողմ կամ դեմ Բայդենին և Թրամփին, որոնք հաճախ արտահայտվում են կոպիտ ու վիրավորական խոսքերով:

Հաշվի առնելով նախագահ Թրամփի թուրքամետությունը, գոյություն չունեցող դիրքորոշումը հայկական հարցերում և նրա անկայուն պահվածքը, ես որոշել եմ քվեարկել Բայդեն-Հարիս թեկնածուական զույգի օգտին։ Այդպես վարվելու դրդապատճառը ոչ միայն նրանց թեկնածությունների արժանիքներն են, այլ առավելապես Թրամփ-Փենս զույգի անհաջողությունները։ Հետևաբար, հօգուտ Բայդեն-Հարիս զույգին քվեարկելը, անշուշտ, քվեարկություն է ընդդեմ Թրամփի և Փենսի: Չորս տարի առաջ ես չէի քվեարկել ոչ Թրամփի, ոչ էլ Հիլարի Քլինթոնի օգտին՝ հաշվի առնելով իմ լիակատար հիասթափությունը երկու թեկնածուներից: Այնուամենայնիվ, այս անգամ չեմ կարող չեզոք մնալ, քանի որ Թրամփի կառավարման ևս չորս տարիները կլինեն Միացյալ Նահանգների ժողովրդավարության և աշխարհի հետ ամերիկյան հարաբերությունների կործանումը։ Միացյալ Նահանգները չի կարող շարունակել պատանդ պահվել ԱՄՆ-ի ծայրահեղ աջակողմյան փոքրամասնության կողմից, ում վրա հիմնվում է Թրամփը: 2016 թվականին ընտրիչների կոլեգիան փրկեց Թրամփին՝ չնայած նա 3 միլիոն ձայն պակաս էր հավաքել, քան Հիլարի Քլինթոնը։

Ինչ վերաբերում է հայկական հարցերին, ապա հաշվի առնելով հայ համայնքի հիասթափությունը ԱՄՆ նախկին նախագահների նախընտրական շռայլ խոստումներից, որոնք անտեսվել են նրանց ընտրվելուց հետո, ես լավատես չեմ, որ այն ինչ խոստացել է Բայդեն-Հարիս զույգը, կիրագործվի նրանց ընտրվելու դեպքում։ Այնուամենայնիվ, մենք բազմիցս ականատես ենք եղել Թրամփի սիրալիր հարաբերությանը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը մոտ ժամանակներս չի ավարտվի:

Սակայն թուրք ղեկավարները բավականաչափ խելացի են՝ ընտրություններից հետո Բայդեն- Հարիսին իրենց կողմը թեքելու համար, ինչպես դա արել են Թրամփի և նախորդ շատ այլ նախագահների դեպքում: Սա կլինի վճռական ճակատամարտ թուրք և հայ լոբբիստների միջև, որը ցավալիորեն բազմիցս Թուրքիան է շահել:

Նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը հստակորեն արտահայտել են իրենց աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

2019 թ․ սեպտեմբերի 16-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղղված իր նամակում նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարեց․ «Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի մեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների մասին, որոնք 1․5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և իրենց տներից 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանման պատճառ են դարձել: Եթե մենք լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «Այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և համոզիչ ապագա սերունդների համար, ինչպես նրանց համար, որոնց հիշողությունը բթացել է ողբերգությունից:  Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»։

Թեև սա շատ սատարող հայտարարություն է, սակայն Բայդենը իր տեքստից դուրս էր թողել Հայոց ցեղասպանության ոճրագործի՝ Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի անունը։

Որպես սենատոր՝ Բայդենը վաղուց է սատարում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տարբեր բանաձևերի, սակայն երբ նա փոխնախագահ էր, նախագահ Բարաք Օբաման խափանեց Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր ջանքերը՝ խախտելով իր բազմակի քարոզչական խոստումները: Դրա փոխարեն, Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար Օբաման բազմիցս օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրույթը, որը պատճենվել է նախագահ Թրամփի կողմից վերջին չորս տարիներին։ Զավեշտալի է, որ երկու նախագահները տարակարծիք են գրեթե բոլոր հարցերի շուրջ՝ բացառությամբ Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափելու իրենց համաձայնության:

Որպես ԱՄՆ սենատոր՝ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը 2019 թ․ սեպտեմբերի 16-ին նամակ է հղել Ամերիկայի հայկական համագումարին՝ իր աջակցությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հարիսը գրել է. «Ես հպարտ եմ, որ համահեղինակ եմ Սենատի թիվ 150 բանաձևի, որն ապահովում է, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը պատշաճ կերպով արտացոլի և ընդունի Հայոց ցեղասպանության սարսափները: Երբ խոսք է գնում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին, մենք երբեք չենք կարող լռել․ մենք միշտ պետք է խոսենք անցյալի տհաճ ճշմարտությունների մասին, որպեսզի չկրկնենք այն»:

Հաշվի առնելով անցյալ տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը՝ հայկական հարցերն այլևս չեն սահմանափակվում Հայոց ցեղասպանության վերահաստատմամբ: Կան նաև մի շարք այլ կարևոր խնդիրներ, ինչպիսիք են`ավելի մեծ քանակությամբ արտաքին օգնության տրամադրումը Հայաստանին ու Արցախին, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բարելավումը, Արցախի Հանրապետության անկախության սատարումը, և Թուրքիայի վրա ճնշում գործադրելը` Հայաստանի շրջափակումը վերացնելու համար: Սրանք հիմնախնդիրներից մի քանիսն են, որոնց վերաբերյալ ամերիկահայերը պետք է պահանջեն Բայդեն-Հարիս զույգից, որ ամուր դիրքորոշում որդեգրեն՝ նախքան նրանց սատարելը նախագահի և փոխնախագահի համար։

«Թուրքական ժառանգություն» կազմակերպության նախագահ Ալի Չինարը 2020 թ. օգոստոսի 12-ին գրել է թուրքական «Դեյլի Սաբահ» թերթում՝ նկարագրելով Բայդենի բացասական տեսակետները Թուրքիայի վերաբերյալ.

« – Նա դեմ է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում միջուկային զենք պահելուն:

– Նա դեմ է Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում և հայտարարել է, որ ԱՄՆ-ը դավաճանել է YPG/PKK-ին [«Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»/«Քրդական բանվորական կուսակցություն»]։

– Նա հայտարարություններ է արել Թուրքիայում մամուլի ազատության և մարդու իրավունքների մասին մտահոգությունների վերաբերյալ:

– Նա շեշտում է, որ Թուրքիան պետք է մեկուսացվի արևելյան Միջերկրական ծովում իր դաշնակիցների հետ համագործակցությունից:

– Նա պաշտպանում է Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների դուրսբերումը, հակառակ դեպքում պատժամիջոցներ է պահանջում:

– Նա ոչ մի հայտարարություն չի արել «Գյուլենի ահաբեկչական խմբավորման» (FETÖ) մասին կամ դրա անդամներին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ, իսկ նրա փոխնախագահության շրջանում ոչինչ չի արվել այս հարցի ուղղությամբ:

– Նա քննադատել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը:

– Նա ասել է, որ կճանաչի այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը»:

Այս պահից մինչև 2020-ի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը, հետագա հոդվածներում շատ ավելին կա ասելու Բայդենի և Թրամփի ու նրանց դիրքորոշումների մասին հայկական և թուրքական հարցերի վերաբերյալ։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս