«Այս իրավիճակում լավ աշխատել պրակտիկորեն անհնար է». ԲՈԿ նախագահը՝ աշխատանքից ազատման դիմումի մասին
«Իմ հրաժարական ներկայացնելու 100 օրը կլրանա այս շաբաթվա վերջին». այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը: Նա ուղիղ եթերում պատասխանում էր ֆեյսբուքյան իր էջին ուղարկված հարցերին:
Վարչապետի հետ հանդիպել փորձելու մասին հարցին Գոգյանն արձագանքեց.
«Մայիսի 14-ին, երբ ես աշխատանքից ազատման դիմում գրեցի, վարչապետին շնորհակալություն էի հայտնել գրության մեջ և խնդրել էի ազատել ինձ աշխատանքից, որովհետև նախարարության հետ կան բովանդակային հակասություններ և այդ հակասությունները գնալով խորանում են։ Ինձ համար շատ զարմանալի և հաճելի էր, որ վարչապետն ինձ հրավիրեց իր մոտ հանդիպման։ Մայիսի 20-ին թե 21-ին նա ինձ ընդունեց, ընդհանուր զրուցեցինք և պայմանավորվել էինք մանրամասների մասին չխոսել, և ես իմ խոստումը պահել եմ, բայց վերջում նա ասաց, որ իմ ազատման դիմումի հրամանի տեքստն իր սեղանին դրված է, սակայն նա այն չի ստորագրի, կուսումնասիրի խնդիրը և որոշում կայացնելուց առաջ մեկ անգամ ևս ինձ հետ կհանդիպի: Բնականաբար, ես՝ լինելով պատասխանատու անձնավորություն, այս 3 ամիսների ընթացքում ամեն օր եկել եմ աշխատանքի, կատարել եմ իմ պարտականությունները։ Ճիշտ է՝ այս իրավիճակում լավ աշխատել պրակտիկորեն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային կոլապսի վիճակում է, և այս հարցի հանգուցալուծումը պետք է ստանալ, որպեսզի գիտնականները հասկանան, թե Հայաստանում գիտության և գիտականության զարգացման ինչ ռազմավարություն կա: Բայց քանի դեռ հրամանը չի ստորագրվել, ես ոչ մի քայլ չեմ ձեռնարկում»:
ԲՈԿ նախագահը նշեց, որ պարբերաբար վարչապետի օգնականին, խորհրդականներին փորձում է հիշեցնել այս հարցի մասին, որ հանդիպումը կայանա:
«Իմ կյանքի ամենաանսովոր 3 ամիսներն եմ ապրում, երբ առավոտյան աշխատանքի գնալիս լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ եմ գնում, երեկոյան տուն վերադառնալիս այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ էի աշխատանքի գնացել»,- ասաց Գոգյանը: