«Առաջիկայում ասելիքով հանդես կգամ». Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ամուլսարում ուրանի խնդիր չկա»՝ կառավարության ենթակա մարմնի դիրքորոշման մասին

Ամուլսարի հանք տանող ճանապարհները 2 տարուց ավելի փակ են։ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունն այնտեղ աշխատանքներ կատարի, նշելով, որ հանքի շահագործումը խիստ վտանգավոր է հարակից համայնքների համար, հատկապես՝ Ջերմուկ առողջարանային քաղաքի:

Վերջին շրջանում կրքերը կրկին բորբոքվեցին, տեղի բնակիչները, որոնք դեմ են հանքի շահագործմանը, 3 օր փողոցի երթևեկելի հատվածը փակել էին:

«Լիդիան Արմենիա» ընկերության նախկին աշխատակիցներն էլ պահանջում են, որպեսզի հանքը շահագործվի, քանի որ աշխատատեղեր չկան, ընկերության աշխատելու տարիներին որևէ ֆինանսական խնդիր չեն ունեցել:

168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվել, թե նա ի՞նչ դիրքորոշում ունի հանքի շահագործման հարցում, քանի որ 2 տարուց ավելի է՝ այս անորոշությունը պահպանվում է, ինչի հետևանքով 2 կողմերի միջև կոնֆլիկտներ են առաջանում:

Պատասխան նամակում նշված էր. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված հարցի հետ կապված բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որը շարունակում է ուժի մեջ մնալ»:

Կառավարության լրատվական վարչության պետ Արմեն Խաչատրյանը պարզաբանել էր մեզ ներկայացված պատասխանը.

«Եթե վերջնարդյունքում պարզվի, որ հանքի շահագործումը վնասակար ազդեցություն չի թողնելու, ապա ինքը կողմ է, որպեսզի հանքը շահագործվի, եթե պարզվի, որ վնասակար ազդեցություն է թողնելու, ապա ինքը դեմ է հանդես գալու հանքի շահագործմանը»:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ նշված է.

«ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա»:

168.am-ը Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը, երբ կառավարության ենթակա մարմինը նման դիրքորոշում է հայտնել.

«Այդ մասով որևէ մեկնաբանություն չեմ ուզում անել, քանի դեռ ամբողջական չեմ տիրապետում թեմային: Թեման հիմա խորապես ուսումնասիրում եմ, առաջիկայում ասելիքով հանդես կգամ»:

Տեսանյութեր

Լրահոս