Ինչո՞ւ է հեռացել Փաշինյանի խորհրդականը և ինչո՞ւ է ջնջվել Ֆեյսբուքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը փոխանցել է ինքը՝ Ա. Գասպարյանը, ֆեյսբուքյան էջում, ապա ջնջվել Ֆեյսբուքից:
Իր գրառման մեջ արդեն նախկին խորհրդականը մասնավորապես նշել է.
«Ընկերներ, տեղեկացնում եմ, որ այլևս չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականը: Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, այժմ ամբողջությամբ կորցրել է իր ակտուալությունը: Եվ փառք Աստծո. նշանակում է ամեն բան ընթանում է, ինչպես պետք է: Ես երբեք չեմ ձգտել քաղաքական կարիերայի: Ոչ մի հակասություն և երկիմաստություն չկա և չի էլ կարող լինել. Ինչպես որ հավատում էի Փաշինյանին ճանապարհի սկզբում, այնպես էլ հավատում եմ այժմ: Նա մարդ է, որն անկեղծորեն ջանում է և աշխատում է Հայաստանը ավերակներից վերականգնելու համար: Փաշինյանին և նրա թիմին մաղթում եմ հաջողություններ»:
Նա հավելել է նաև, որ միշտ պատրաստ է օգնել վարչապետին՝ անկախ կարգավիճակից:
Նշենք՝ Արտակ Գասպարյանը վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական էր նշանակվել 2019 թ. փետրվարի 26-ին:
Թե ինչո՞ւ է խորհրդականն ազատվել աշխատանքից, քիչ առաջ փորձեցինք ճշտել նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, կապ հաստատել չստացվեց:
168.am-ը կփորձի տեղեկությունը ճշտել վաղն առավոտյան:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Արտակ Գասպարյանը (Արտաչոկ) Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, նախկին ՈՒՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբ) «Նոր հայեր» խմբի անդամ, որը բիզնեսով էր զբաղվում Ռուսաստանում: Ըստ որոշ հրապարակումների՝ նա հաճախ ներկա էր լինում քաղաքապետարանում հրավիրվող խորհրդակցություններին, քննարկումներին, և որևէ մեկը չէր հասկանում, թե ինչ կարգավիճակ ուներ նա և ինչու էր շարունակ Մարությանի կողքին։
Նշենք նաև, որ որոշ հրապարակումների համաձայն էլ՝ իշխանափոխությունից հետո տելեգրամ սոցիալական ցանցում հայտնի դարձած Баграмян 26 հարթակը պատկանում է հենց Փաշինյանի արդեն նախկին խորհրդական Արտակ Գասպարյանին՝ Արտաչոկին:
Հիշեցնենք, որ Баграмян 26 հարթակը, որը հաճախ կեղծ տեղեկատվություն է շրջանառում, տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում հեղափոխական իշխանություններին, մասնավորապես՝ Փաշինյանին, այդ թվում՝ հաճախ թիրախավորում է ՌԴ քաղաքական ղեկավարությանը։