Փաշինյանը՝ Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների մասին

Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk հաղորդման եթերում անդրադարձել է Ռուսաստանի, Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին: Փաշինյանը նշել է, որ նշված երկրներից բոլորի հետ Հայաստանն ունի տարբեր մակարդակների, բայց շատ լավ հարաբերություններ:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է անվտանգության առումով, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք. միություն, որն ունի բացառապես տնտեսական ուղղվածություն։ Եվ մենք ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ։ Եվ, ի դեպ, Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է բարեփոխումների օրակարգի իրականացման ճանապարհին։ Մենք բավականին արդյունավետ կերպով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին Աֆղանստանում, Լիբանանում, Կոսովոյում և Մալիում։ Բացի այդ, մենք արդյունավետ կերպով համագործակցում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ռազմավարական գործընկերությունը նշանակում է երկարաժամկետ համագործակցություն, սակայն Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, նույնքան լավ հարաբերություններ՝ Միացյալ Նահանգների հետ։

«Մենք խնդիրներ չունենք` կապված Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների հետ։ Եվ մենք ամեն ինչ անում ենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ մեր ներկայիս լավ հարաբերությունները պահպանելու համար»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած միջազգային պարտավորություններին:

Տեսանյութեր

Լրահոս