Ի՞նչ գործարք է առաջարկում Բաքուն Մոսկվային
Չնայած պաշտոնապես Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում մոտ ապագայում միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ադրբեջանական պրոպագանդան և փորձագիտական հանրությունը շարունակում են խաղարկել այս հարցը Արցախյան հիմնահարցի կարգավորման տիրույթում։ Ադրբեջանական շրջանակներում այս թեման և ուշադրությունն Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության նկատմամբ կրկին ակտիվացել է տավուշյան սրացումից հետո։
Թեև շաբաթներ առաջ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նշել էր, որ Ադրբեջանը դեռ չի պատրաստվում միանալ ԵԱՏՄ-ին, Ադրբեջանը կարևորում է երկկողմ հարաբերությունները և բավարար է համարում ԱՊՀ անդամակցությունը Հայաստանի հետ։ Ադրբեջանցի դեսպանը նշել էր, որ Ադրբեջանը չի հրաժարվում այս ուղղությամբ համագործակցությունից։
«Այդ թեմայի ուղղությամբ շատերն են աշխատել։ Ես հանդիպել եմ ԵԱՏՄ պատասխանատու աշխատակիցների հետ։ Այս թեմայի ուղղությամբ ընթանում են տնտեսական խոսակցություններ։ Որպես դեսպան՝ կողմ եմ, որպեսզի Ադրբեջանը մոտենա ԵԱՏՄ և ՀԱՊԿ ինտեգրացիոն գործընթացներին»,- ասել է նա։ Ադրբեջանական մամուլն այս օրերին մեծ ապագա է կանխատեսում այդ միության համար և նշում, որ այն ունի ներուժ՝ դառնալու գրավիչ կառույց այն երկրների համար, որոնք գուցե հետաքրքրվեն այդ կառույցով։
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ այս թեմայի ակտիվացումը պատահական չէ տավուշյան սրացումից հետո։ Ավելին, նրա խոսքով՝ ադրբեջանական արտաքին քաղաքականությունը պարբերաբար այս թեման այլ թեմաների հետ միասին սկսում է շրջանառել՝ փորձելով շոշափել Ռուսաստանի տրամադրությունները և սրա միջոցով ինչ որ գործարքների հավանականությունը ավելի լայն կոնտեքստում։
Տարասովի կարծիքով՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանն անընդհատ այս հարցով տարբեր փորձեր է իրականացնում՝ հասկանալու համար, թե ինչ կարող է ստանալ Ռուսաստանից։ Նրա դիտարկումների համաձայն՝ Ադրբեջանը ցանկանում է նաև հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի հետ։
Նա նշեց, որ տավուշյան սրացման կոնտեքստում թուրք-ադրբեջանական տանդեմը նորովի ներկայացավ, Թուրքիան նորովի ներքաշվեց այս հակամարտությունում, ռուս-թուրքական խոսակցություններ ևս տեղի ունեցան այս հարցով, քանի որ այնպես է ստացվել, որ ամենաակտիվ միջնորդը Ռուսաստանն է, որը կարողանում է ազդել կողմերի վրա, ավելի ազդեցիկ է, քան Թուրքիան, և այս հարցում չի հաջողվում թերագնահատել Ռուսաստանի դերը։
«Ադրբեջանը հասկանում է, որ բանակցությունները փակուղային են լինելու, կոշտ քննադատության է ենթարկում Մինսկի խմբին և ցանկացած նման փուլում բանակցությունների համար ակտիվացնում է թեմաները, որոնք, ըստ Ադրբեջանի, կարող են գրավիչ լինել Ռուսաստանի համար և որոշ գործարքների գաղափարներ առաջացնել։ Բայց հարց է, թե դա այս պահին որքանո՞վ է հետաքրքրում Ռուսաստանին և որքանո՞վ է իրատեսական։
Բնականաբար, Ռուսաստանի համար կառույցի ընդլայնման թեման միշտ էլ ակտուալ է, սակայն այն ավելի ակտուալ էր նախորդ տարիներին։ Ռուսաստանը ներկայումս ավելի կարևոր թեմաներ ունի իր արտաքին քաղաքական օրակարգում, իսկ ԵԱՏՄ-ն զարգացնում է՝ որպես տնտեսական կառույց։ Իհարկե, ընդլայնման հեռանկարները հետաքրքրում են Ռուսաստանին, սակայն դա միանձնյա որոշվող հարց չէ, քանի որ ԵԱՏՄ-ն կառույց է, ունի անդամներ, և Հայաստանը, բնականաբար, դրան դեմ կլինի, եթե նույնիսկ Ռուսաստանին և ԵԱՏՄ այլ երկրների, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, հետաքրքրի այդ հեռանկարը։ Բայց ես նկատում եմ, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ վերջին տարիների միտումից չի ցանկանում հրաժարվել, այդ միտումը հետևյալն է՝ պահպանել որոշակի ազատություն Արևմուտքից և Արևելքից, խաղարկելով որոշ հարցեր։ Կարծում եմ՝ այդ թեմաների արծարծումը ունի նպատակ՝ հասկանալու Մոսկվայի տրամադրությունները, թե ինչ համագործակցության պատրաստ կլինի Մոսկվան Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության դիմաց։ Սակայն Մոսկվան հասկանում է, որ պաշտոնապես Բաքուն որևէ հայտ չի ներկայացնում, պաշտոնապես եթե լինի հայտ, կլինի պատասխան դրան, միանշանակ է, որ Երևանը դիմադրելու է, և այս առումով ստատուս-քվոյի փոփոխություն Մոսկվան այս պահին չի ցանկանա»,- ասաց նա։