«Թուրքիան Ադրբեջանին իր տեղն է ցույց տալիս». Կարեն Հովհաննիսյան
«Պաշտոնական Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունները չեն արտացոլում այն իրականությունը, որը գոյություն ունի: Փորձ է կատարվում աշխարհին ցույց տալ, որ հարաբերությունները շատ լավ են, եղբայրական են, սակայն, իրականում, այդքան էլ այդպես չէ, և փորձագիտական մակարդակով դրա մասին խոսվում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան փորձագիտական մակարդակով Ադրբեջանին ցույց է տալիս իր տեղը. «Նրանք բարձրաձայնում են, որ երբեք էլ Ադրբեջանի պատճառով Թուրքիան չի գնա Մոսկվայի հետ հակասությունների, հակամարտությունների: Թուրքիայի ակնկալիքն Ադրբեջանից Նախիջևանն է, և այստեղ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը բախվում են, չեն կարողանում առաջ գնալ: Եթե փորձեն առաջ գնալ, ապա կարող ենք ասել, որ հակամարտություն է տեղի ունենալու: Բայց մյուս կողմից էլ, երբ նայում ենք, թե ինչ է կատարվում, Թուրքիան ինչ է ուզում այս տարածաշրջանում, արդեն պարզ է դառնում, որ Ադրբեջանին Թուրքիան մենակ է թողնում: Հակամարտության դեպքում երբեք Թուրքիան դուրս չի գա բացահայտ առճակատման, օրինակ՝ Հայաստանի դեմ: Ինչպես իրենք են նաև ասում փորձագիտական մակարդակով՝ Հայաստանն իրենց համար ոչ թե Հայաստան է, այլ ՀԱՊԿ անդամ է, իսկ Թուրքիան ՌԴ-ի համար ոչ թե Թուրքիա է, այլ ՆԱՏՕ է»:
Փորձագետի խոսքով՝ Ալիևը իր ոչ ժողովրդավարական իմիջով նաև ստվերում է Թուրքիայի իմիջը հասարակության մեջ. «Հատկապես այս շրջանում, երբ Ալիևը չունի հասարակական աջակցություն և անընդհատ խոսում է, որ եղբայրական Թուրքիան Ադրբեջանի կողքին է, դա հակառակ էֆեկտն է տալիս հասարակության մոտ, և հասարակությունը կարծես թե դուրս է եկել Թուրքիայի դեմ: Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ երբ ադրբեջանական տիրույթի սոցցանցերում ուշադիր էինք լինում, այնտեղ նույնիսկ խոսում էին, որ պետք չէ վստահել Թուրքիային, Թուրքիան անպայմանորեն փորձելու է Ադրբեջանը սարքել Սիրիա, որպեսզի մի կտոր հող պոկի, նկատի ունեն Նախիջևանը: Այսինքն՝ այսպիսի տրամադրություններ կան նաև հասարակության մեջ: Ճիշտ է՝ թուրքամետներ էլ կան, բայց նրանք հակառուսամետներն են»:
Կարեն Հովհաննիսյանը նկատեց՝ հայկական կողմը պետք է անընդհատ բարձրաձայնի Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա խնդիրների մասին. «Օրինակ՝ թուրք փորձագետները սրա մասին միշտ պարզ խոսում են: Ի դեպ, այն փորձագետները, որոնք իրականում սպասարկում են պաշտոնական Անկարայի շահերը, և, այսպես ասած՝ կուլիսային բարձրախոսներն են, կարողանում են ասել այն, ինչը չի կարողանում ասել պաշտոնական Անկարան: Այս դեպքում պետք է անընդհատ մենք էլ բարձրաձայնենք դա, հասու դարձնենք ադրբեջանական հասարակությանը, որ իրականում այդքան էլ այնպես չէ, ինչպես ձեզ են ներկայացնում»:
Հարցին՝ եթե թուրք-ադրբեջանական հարաբերություններն այդքան էլ հարթ չեն, ապա ինչո՚՞ւ էին տավուշյան մարտերի ժամանակ Թուրքիայի կողմից հակահայ և սպառնալից հայտարարություններ արվում, նա պատասխանեց. «Ես պետք է հղում կատարեմ նույն այդ փորձագետներին, որոնք ասում են՝ այո, Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմն են, բայց նաև նշում են, որ չեն ներքաշվի ուղիղ առճակատման Հայաստանի հետ: Այդ հայտարարությունները դիտարկվում են երկու պետություն, մեկ ազգ համատեքստում, դրանք ընդամենը հայտարարություններ են, և չեմ կարծում, թե Թուրքիան կգնա նոր ճակատ բացելուն, ընդհուպ՝ նույնիսկ Նախիջևանի տարածքում: Թուրք փորձագետներն ասում են, որ, եթե լինեն ռազմական գործողություններ, ապա դրանք լինելու են այնտեղ, որտեղ 1994թ. ավարտվել են: Այսինքն՝ հստակ պարզ է, որ արցախյան հատվածում և տավուշյան հատվածում՝ որոշակի չափով: Այնպես որ, Նախիջևանում Թուրքիայի կողմից նոր ճակատի բացումը, կարելի է ասել, անհավանական սցենար է: Չնայած՝ արագ փոփոխվող աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է»:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նա նշեց, որ դրանք շատ մեծ քարոզչական հնարքներով սկսվեցին, ցուցադրում էին, որ Թուրքիայի անձնակազմը ժամանում է Նախիջևան, զինտեխնիկա են բերում, սակայն, ըստ նրա՝ իրականում, ընդամենը ուսումնական վարժանքներ տեղի ունեցան. «Նույնիսկ այն չի կարելի համարել տակտիկական վարժանքներ, պարզապես թռիչքներ էին իրականացնում ա կետից բ կետ: Այս ընթացքում, երբ Բայրամի տոնակատարությունները մեջտեղ եկան, երեք օր նույնիսկ ոչ մի գործողություն տեղի չունեցավ, զբաղված էին իրենց տոնակատարություններով: Եվ ընդհանրապես, սա պետք էր Ադրբեջանին այս ժամանակահատվածում, որովհետև Ադրբեջանը կրել էր խայտառակ պարտություն տավուշյան մարտերում, և իրեն պետք էր, որ իր հասարակությանը ցույց տար, որ Թուրքիան իրենց հետ է, եղբայրական Թուրքիան եկել է իրենց օգնության»: