Բրիտանիայում փնտրում են մսակերների, որոնք պատրաստ են գումարի դիմաց դառնալ վեգան
Բրիտանական Vegan Liftz հետազոտական կենտրոնը փնտրում է երեք կամավոր մսակերների, որոնք պատրաստ են փոխել իրենց նախասիրությունները և մեկ ամսվա ընթացքում չուտել մսամթերք: Որպես վարձատրություն՝ կամավորները կստանան երկու հազար ֆունտ:
Մասնագետներին անհրաժեշտ է երեք մսակեր՝ 18-60 տարեկան, որոնք պատրաստ կլինեն սեպտեմբերին վեգան դառնալ: Կամավորները պետք է լինեն առողջ և նախորդ գոնե մեկ տարին լինեն մսի ակտիվ սպառող:
Փորձի մասնակիցներին որոնում են Մեծ Բրիտանիայի տասն «ամենամսակեր քաղաքներում»՝ Նյուքասլում, Գլազգոյում, Բիրմինգհեմում, Լիվերպուլում, Քովենթրիում, Լիդսում, Պորտսմուտում, Մանչեսթերում, Քարդիֆում և Լոնդոնում:
Կամավորները պետք է օրագիր պահեն մեկ ամսվա ընթացքում, որտեղ նրանք պետք է գրի առնեն իրենց զգացմունքները և լուսանկարվեն փորձի անցկացումից առաջ, ընթացքում և հետո:
Ուսումնասիրության նպատակն է՝ պարզել, թե ինչպես կփոխվի երեք կամավորների ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը, որոնք ամբողջությամբ անցնեն բուսական ծագման սննդակարգի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը