Չեխիան Բեյրութ կուղարկի 37 փրկարարների
Չեխիայի Հանրապետությունը Բեյրութ կուղարկի փրկարարների խումբ, որոնք մասնագիտացած են շենքերի փլվածքներում մարդկանց որոնումների գործում: Այդ մասին օգոստոսի 5-ին սոցիալական ցանցերում հայտնել է երկրի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը: «37 փրկարարներից, ներառյալ հինգ փրկարար-կինոլոգներից բաղկացած ջոկատը պատրաստ է ուղեւորվելու Բեյրութին օգնության»,- նշել է նա: Լիբանանյան կողմն ընդունել է օգնության առաջարկությունը:
Չեխ փրկարարների ջոկատը Բեյրութ կմեկնի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ամենաուշը 16:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին): Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը վիթխարի ողբերգություն է համարել պայթյունը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: «Մենք պատրաստ ենք ամեն տեսակի օգնության»,- հայտարարել է քաղաքական գործիչը: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: