ՉԺՀ-ն պատասխան հարված է պատրաստում ԱՄՆ-ից չինացի լրագրողներին արտաքսելու դեպքում
ՉԺՀ-ում պատրաստվել են «վատագույն սցանարի», երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը: Այդ մասին հայտնել է Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը: Նրա խոսքով՝ այդ դեպքում Պեկինը պատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում նաեւ՝ այն ամերիկացի լրագրողների նկատմամբ, որոնք հաստատվել են Հոնկոնգում:
«Հաշվի առնելով այն, որ ամերիկյան կողմը չի երկարացրել չինացի լրագրողների այցագիրը, չինական կողմը պատրաստվել է վատագույն սցենարի, երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը:
Այդ դեպքում չինական կողմը պատասխան հարված կհասցնի, այդ թվում՝ այն ամերիկացի լրագրողներին, ովքեր հաստատվել են Հոնկոնգում»,-գլխավոր խմբագիրը գրել է Twitter-ում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հակասությունները սրվել են ԶԼՄ-ներում կորոնավիրուսի համաճարակի լուսաբանման հարցի պատճառով: ԱՄՆ-ը չինական մի շարք պետական ԶԼՄ-ներից պահանջել է կրճատել ԱՄՆ-ի տարածքում աշխատող լրագրողների թիվը, ինչը հանգեցրել է երկրից 60 լրագրողների փաստական արտաքսման:
Չինաստանն իր հերթին պահանջել է ՉԺՀ-ում New York Times, Wall Street Journal եւ Washington Post թերթերի համար աշխատող ամերիկացիներին հանձնել լրագրողական վկայականները, ինչը նույնպես ԱՄՆ-ից լրագրողներին հարկադրել է լքել այն երկիրը, որտեղ գտնվում են: