Վաշինգտոնը կոչ է արել Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները
Ամերիկայի Միացյալ Նահանգներն արձագանքել է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ու ընդդիմախոսների ձերբակալություններին, որոնք համընկան հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ բռնություններից և հարգել հիմնարար ազատությունները: ԱՄՆ արտաքին գերատեսչությունն արձագանքել է վերջին շրջանում ահազանգող հաղորդումներին, ըստ որի, Ադրբեջանում իշխանությունները ձերբակալում և բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին: Բռնության այս ալիքը հաջորդել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Վաշինգտոնը կոչ է արել Բաքվին պատշաճ հետաքննել ոստիկանության բռնությունների և բռնաճնշումների մասին հաղորդումները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Դեռևս հուլիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը անդրադարձել էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին: Պետքարտողարության հրապարակած COVID-19-ի համավարակի օրերին ժողովրդավարության ու մարդու իրավունքերի հետ կապված իրավիճակի շուրջ անդրադարձում ասված է, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալում ու բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և կառավարության ընդդիմախոսներին, որոնցից մեկն, ըստ պետքարտուղարության, անգամ հայտնվել է հոգեբուժարանում: ԱՄՆ-ը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ COVID-19-ի դեմ պայքարի քողի ներքո ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը կամ հանրության այլ խմբերին լռեցնելուց:
ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Հոգլանդի կարծիքով՝ նման բռնաճնշումները ցավոք սովորական են հետխորհդային տարածքում: Ըստ դեսպանի՝ հաճախ այս երկրների առաջնորդները օգտագործում են ընթացող միջազգային զարգացումները ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու համար:
Իր հերթին Ադրբեջանի վերջին այս զարգացումներին անդրադարձել է նաև «Վաշինգտոն Փոստ» պարբերականի խմբագրականը՝ «Ադրբեջանի նախագահը մտադիր է կազմաքանդել իր քաղաքական ընդդիմությունը» վերնագրով: Պարբերականը նշել է, որ նախագահ Ալիևի՝ երկաթե բռունցքի օգտագործումը իր ընդդիմախոսներին ոչնչացնելու համար հակասում է ժողովրդավարության սկզբունքներին:
«Այժմ համավարակի, նավթի գների անկման և հակառակորդ Հայաստանի հետ լարվածության աճի պայմաններում պարոն Ալիևը հանկարծ բացահայտել է թշնամիների, քաղաքական ընդդիմության հինգերորդ շարասյունը և սկսել վերջիններիս նետել բանտեր»,- գրել է պարբերականը: Ալիևը որպես առիթ օգտագործում է Հայաստանի հետ բախումների օրերին Բաքվում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքը ի պաշտպանություն ադրբեջանական բանակի՝ քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելու համար: Արդյուքում, ըստ «Վաշինգտոն Փոստի», բերման են ենթարկվել մոտ 120 ընդդիմախոսներ: