Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր. համաճարակաբան
Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր` ֆիզիկական հեռավորության պահպանման անհնարինության ժամանակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը: Գրառումը՝ ստորև․
«Բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման որոշում կայացնողները նշում են, որ հիմնվում են միջազգային փորձի և երկրի ներսում մասնագետների հետ քննարկումների վրա։
Հաշվի առնելով այն, որ համաձայն ՀՀ Սայմանադրության և Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի՝
• Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:
Քաղաքացիներն ունեն`
• բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.
• շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք.
Պահանջում եմ․
1) հրապարակել բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման որոշման գիտական հիմքերը,
2) մարդկանց առողջության վրա բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման հնարավոր դրական և բացասական ազդեցությունների վերլուծությունները,
3) երկրի ներսում քննարկումներին մասնակցած մասնագետների անունները և քննարկումների արձանագրությունները։
Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր` ֆիզիկական հեռավորության պահպանման անհնարինության ժամանակ։
ՀՀ Քաղաքացի, բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան»: