Բաժիններ՝

Փոխնակ մայրերից ծնված շուրջ հազար երեխաներ համավարակի պատճառով մնացել են Ռուսաստանում. The Guardian

Մոտավորապես հազար մանկիկներ, որոնք Ռուսաստանում ծնվել են փոխնակ մայրերից, չեն կարող երկրից հեռանալ փակ սահմանների պատճառով, որը կապված է COVID-19 կորոնավիրուսի համավարակի հետ: Այդ մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով սեփական հետաքննության արդյունքները: «Երեխաները, որոնցից մի քանիսը ծնվել են դեռ փետրվարին, խնամք են ստանում հիմնականում վարձու դայակների մոտ՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում վարձված բնակարաններում»,-նշում է թերթը:

Փոխնակ մայրերից ծնված երեխաներին, որպես կանոն, ծնողներին են տալիս նրանց լույս աշխարհ գալուց մի քանի օր հետո, բայց համավարակի պատճառով առանձին ծնողներ ստիպված են եղել խնդրել փոխնակ մայրերին՝ ստանձնել երեխաների խնամքը: ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ Իրինա Կիրկորայի տվյալներով, որի խոսքը մեջբերում է հրատարակությունը, 2020 թվականի փետրվարից Չինաստանի 180 ընտանիք երեխա է ունեցել Ռուսաստանի փոխնակ մայրերից:

ՌԴ-ում ծնված երեխաները իրենց ծնողներին են սպասում նաեւ Սինգապուրում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Ավստրալիայում եւ Ֆիլիպիններում: Կիրկորայի գնահատումներով՝ խոսքը մոտավորապես հազար երեխայի մասին է: «Սա խնդիր է, որը շտապ լուծում է պահանջում: Այդ երեխաները մեծանում են, նրանց հարկավոր են իրենց ծնողները»,-թերթը մեջբերում է նրա խոսքը: Հոդվածում նշվում է, որ սոցիալական ցանցերի չատերում այդ երեխաների կենսաբանական ծնողները հատուկ տեսաուղերձներ են զետեղում, որոնցում Ռուսաստանին կոչ են անում իրենց հատուկ այցագրեր տալ, որպեսզի իրենք կարողանան երեխաներին հայրենիք տանել: Այդ տեսաուղերձներում նրանք պատմում են անպտղության, հղիանալու ապարդյուն փորձերի, երեխային տանելու եւ նրա կյանքի առաջին ամիսները նրա հետ անցկացնելու անհնարինության պատճառով դեպրեսիայի մասին իրենց պատմությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս