Իտալիայի խորհրդարանը պաշտպանել է կորոնավիրուսի պատճառով արտակարգ ռեժիմի երկարացումը
Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը հուլիսի 29-ին Սենատից անմիջապես հետո բանաձեւ է ընդունել ի պաշտպանություն երկրում արտակարգ ռեժիմի երկարացման՝ կապված COVID-19-ի համավարակի հետ: Ինչպես եւ օրենսդիր մարմնի վերին պալատի դեպքում, միջոցառումները երկարացնելու անհրաժեշտությունը լուսաբանել է անձամբ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Հուլիսի 29-ի առավոտյան, ելույթ ունենալով պատգամավորների առջեւ, նա արտակարդ դրության երկարացումը համարել է «անխուսափելի եւ առանձին ասպեկտներով՝ պարտադիր ընտրություն»:
«Կառավարությունն այդ եզրակացություններն անում է պարզ կազմակերպչական գործոնների հիման վրա, այլ ոչ թե այն բանի համար, որ մենք ցանկանում ենք ճնշել ազատությունը եւ այլախոհությունը կամ բնակչությանը պահել վախի մթնոլորտում»,-ընդգծել է վարչապետը: Դիմելով ընդդիմությանը, որը դեմ է հանդես գալիս արտակարգ ռեժիմի երկարացմանը, Կոնտեն կոչ է արել՝ բնակչությանը մոլորության մեջ չգցել: «Սոցցանցերում ինչ-որ մեկը համոզված է, որ դա հանգեցնելու է օգոստոսի 1-ից կարանտինի վերադարձի. դա ամենեւին այդպես չէ»,-ասել է վարչապետը, հավելելով, որ կառավարությունը պահպանում է ժամանակավոր սահմաններ, որոնք նշված են պալատների բանաձեւերում:
Հուլիսի 28-ին Կոնտեն համանման խոսքով հանդես է եկել Սենատում, որտեղ արտակարգ ռեժիմի երկարացումն անհրաժեշտ է համարել ամենից առաջ այն պատճառով, որ կառավարությանն առընթեր ստեղծված գիտատեխնիկական կոմիտեի տվյալները «ցույց են տալիս, որ վիրուսը շարունակում է տարածվել»: Բացի այդ, վարչապետն ընդգծել է, որ առանց արտակարգ դրության ռեժիմի երկարացման ուժը կկորցնեն կառավարության՝ այժմ գործող բազմաթիվ կարգադրություններ, առանց որոնց կորոնավիրուսի տարածումը զսպելը գործնականում հնարավոր չի լինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: