«Սա պետությո՞ւն է, թե՞ մարտադաշտ». «Լիդիանի» նախկին աշխատակիցը՝  Ամուլսարի ճանապարհները փակելու մասին

Փորձը ցույց է տալիս, որ երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների ընթացքում՝ հայտնվում են կեղծ բնապահպանական թևեր կամ կշիռ չունեցող քաղաքական ուժեր, որոնք այդ հեղափոխական ալիքի ֆոնին հայտնվում են փրփուրների տեսքով և շատ արագ էլ վերանում են պղպջակների տեսքով. Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լիդիան» ընկերության նախկին աշխատակից Արթուր Հովսեփյանը՝  անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը:

Նրա խոսքով՝ այդ «կեղծ բնապահպանները» տեղի բնակիչների մոտ սրտացավություն դրսևորելով, մարդկանց տրամադրում են «Լիդիանի» աշխատակիցների դեմ, և դա  դրսևորվում է բացահայտ ագրեսիայով.

«Հնչում են կոչեր՝ հայրենասիրական, չգիտեմ՝ պոստեր, մարտական դիրքեր, հիմա սա պետությո՞ւն է, թե՞ մարտադաշտ է: Վարչապետն իր վերջին այցի ժամանակ հստակ ասաց, որ սկզբական ժամանակահատվածում «Լիդիանն» այնտեղ հողային աշխատանքներ չի իրականացնելու, գույքագրում և նմանատիպ այլ աշխատանքներ  են իրականանում, եթե պատճառը հողային աշխատանքներ չանելն է և հանքը չշահագործելն է, ի՞նչ է նշանակում՝ «Լիդիանի» աշխատակիցը չի կարող մուտք  գործել «Լիդիանի» տարածք և գույքագրում կատարել:

Վարչապետին և կառավարությանը հորդորում եմ, որ հնարավորին շուտ այս հարցին լուծում տրվի, շատ արագ վերականգնվի «Լիդիանի» աշխատակիցների օրինական աշխատանքի գնալու իրավունքը, հակառակ դեպքում մենք գնալու ենք մինչև վերջ՝  ՄԻԵԴ, և պահանջելու ենք վերականգնել մեր իրավունքները: Անցած տարի վարչապետն իր հայտնի ելույթում նշեց, որ «Լիդիանն» ամենաբարձր ստանդարտներով աշխատող ընկերությունն է Հայաստանում: Այդ կեղծ բնապահպաններն այլ կերպարանքներով, բախտագուշակային մեթոդներով, մասնագիտական որևէ հիմնավորում չունենալով՝ կիրառում են կեղծ մանիպուլյացիաներ, որի հետևանքով ստեղծվում է քաոսային իրավիճակ, և կառավարությունն էլ ոչ մի լուծում չի տալիս այս իրավիճակին»:

 

Տեսանյութեր

Լրահոս