Բաժիններ՝

Աշակերտները չեն կարողանում կատարել ամառային առաջադրանքները, քանի որ իրենց տրամադրված հեռախոսները հետ են պահանջել

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, Հայաստանի բոլոր դպրոցներում ուսուցումը հեռավար տարբերակով կազմակերպվեց: Այն ընտանիքներին, որոնք ունեին սարքավորումների խնդիր՝ ուսուցումն այդ ձևով կազմակերպելու համար, նախարարությունը սարքավորումներ հատկացրեց, բայց քանի-որ մայիսի 22-ը համարվում էր ուսումնական տարվա ավարտը, հեռավար կրթությունը կազմակերպելու նպատակով աշակերտներին տրամադրված այդ սարքավորումները դպրոցների տնօրենների պահանջով վերադարձվեցին դպրոցներին:

168.am-ի տեղեկություններով, Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի բնակիչներից մեկը, որն ունի 3 դպրոցական երեխաներ, և որոնց 1 սմարտֆոն էր հատկացվել, հետ է վերադարձրել այն, և երեխաները չեն կարողանում ամառային առաջադրանքները կատարել:

«3 աշակերտ ունեմ տանը, տրամադրել էին ընդամենը 1 հեռախոս, այն էլ՝ մայիսի վերջին տնօրենը զանգել է, հետ ենք վերադարձրել: Մեզ հետո ասացին, որ դպրոցները բացվի, էլի կտրամադրեն: Գյուղից ընդամենը երեք ծնողի է հասել, երեքս էլ հետ ենք վերադարձրել, մի երկու լավ խոսք էլ ասել, դուրս եմ եկել: Հիմա չգիտեմ էլ, թե ինչ են եղել այդ հեռախոսները, ասացին՝ դպրոցի ֆոնդին են տրամադրել: Ի դեպ, դպրոցի տնօրենը ցուցակն ուղարկել էր մարզպետարան, իմ երեխեքի անունները չէր եղել մեջը, ես էլ նպաստառու եմ, օրենքով հասնում էր, բայց քանի որ երեխաներիս անունը չէր գրել այդ ցուցակում, անձամբ գնացել եմ մարզպետարան և այնտեղ եմ խնդրել, ասացի, որ 3 երեխա ունեմ, երեքի դասերն էլ նույն ժամին է սկսվում, բայց 2-ը նույն դասարանում են, եթե հնարավոր է՝ 2 հեռախոս տրամադրեն, ասացին՝ կփորձենք ձեզ օգնել, բայց եթե չկարողանանք 2 հատ տրամադրել, 1 հատ կտրամադրենք, ու 1 հատ տրամադրել են»:

Հարցին, թե երեխաներն իրենց հանձնարարված տնային առաջադրանքներն ինչպե՞ս են անում, եթե հեռախոս չունեն, երեխաների մայրը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չեն անում երեխեքը…»:

168.am-ը կապ հաստատեց Արագածոտն գյուղի դպրոցի տնօրեն Լուսինե Կիրակոսյանի հետ՝ փորձելով պարզել, թե երեխաներն ինչպե՞ս պետք է կատարեն իրենց տնային առաջադրանքները, եթե հեռախոսները հետ են վերադարձրել, սակայն տնօրենը հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը՝ ձևացնելով, թե չի լսվում։

Մեր մյուս բոլոր զանգերին տնօրենն այդպես էլ չպատասխանեց:

168.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ԿԳՄՍ նախարարությունից, սակայն նախարարությունից պատասխանեցին, որ հարցը մասնագիտական է, ուստի պետք է գրավոր դիմենք:

Գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես՝ 168.am-ը կհրապարակի այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս