ԵԽ ԽՎ իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովը Սաֆարովի գործը կքննարկի նոյեմբերին
ԵԽ ԽՎ իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովը «Սաֆարովի գործը» կքննարկի հաջորդ իր նիստում, որը կկայանա նոյեմբերին Փարիզում: Այս մասին Ստրասբուրգում Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նախօրեին կայացած վեհաժողովի Բյուրոի նիստը ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
«Բյուրոն առաջարկել է Իրավական հանձնաժողովին մտածել այս հարցի շուրջ, որը վերջնական տեսք կստանա ավելի ուշ: Մեր հանձնաժողովի անդամները ևս զբաղվելու են այդ հարցով ու, կարծում եմ, այն կհնչի այսպես` «Իրավունքների չարաշահման փորձերի կանխումը Ստրասբուրգյան կոնվենցիայի շրջանակում»: Հենց այս թեմայի շրջանակում էլ կդիտարկվի նաև Սաֆարովի գործը»,- տեղեկացրել է Դ.Հարությունյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բարձրացվելու է Հունգարիայի և Ադրբեջանի միջև կայացած գործարքի հարցը, Դ.Հարությունյանը ընդգծեց, թե կասկածում է, որ այդ հարցը կմտնի օրակարգ: