Հայ պաշտոնյաներից ո՞ւմ են համակրում, ո՞ւմ չեն ճանաչում և ո՞ր լրատվության աղբյուրներին են վստահում ՀՀ քաղաքացիները. Iri.org-ի հայաստանյան հարցումները՝ Covid 19-ի համատեքստում

«Միջազգային Հանրապետական Ինստիտուտը» (International Republican Institute  www.iri.org) օրերս հրապարակեց հունիսի 18-25-ը Հայաստանի Հանրապետությունում կատարած հետազոտության արդյունքները՝ Covid-19-ի շուրջ ՀՀ քաղաքացիների հանրային ընկալման վերաբերյալ:

Հետազոտության համար իբրև մեթոդ ընտրվել են հեռախոսային հարցումները, հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր ՀՀ մշտական բնակություն ունեցող 1517 քաղաքացի:

Հետազոտության հարցադրումներից մեկը հետևյալն էր.

«Հետևյալ պաշտոնյաներից, Ձեր կարծիքով, ո՞վ է «Շատ համակրելի», «Որոշակի առումով համակրելի», «Որոշակի առումով հակակրելի», «Շատ հակակրելի» կամ «Չեք լսել այդ անձի մասին»»:

Ըստ արդյունքների՝ իշխանական պաշտոնյաներից ամենամեծ համակրանքը վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 72%, խորհրդարանական ընդդիմադիրներից ամենամեծ համակրանքն ունի Գագիկ Ծառուկյանը` 16%, նրան հաջորդում է պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ 13%։ Ամենաշատ հակակրանքն ունեն ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 37%:

Ի դեպ, հարցվողների 39 %-ը չի լսել Զարուհի Բաթոյանի անունը, 36 %-ը՝ Մանե Թանդիլյանի, 32 %-ը՝ Լիլիթ Մակունցի, 18 %-ը՝ Արայիկ Հարությունյանի, 16 %-ը՝ Տիգրան Ավինյանի, 15 %-ը՝ Արսեն Թորոսյանի, 12 %-ը՝ Արարատ Միրզոյանի,  5 %-ը՝ Նիկոլ Փաշինյանի:

Համավարակի համատեքստում հետազոտության տեղեկատվության աղբյուրները բաժնում՝ «Հայաստանի Զանգվածային լրատվության ո՞ր միջոցներն եք համարում ամենավստահելին` կորոնավիրուսի համավարակին առնչվող լրատվության տեսանկյունից». ըստ սպոնտան պատասխանների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին վստահում է 1 %-ը, Առողջապահության նախարարի կայքէջին և ֆեյսբուքյան էջին՝ 2 %-ը, «Ազատություն» ռ/ը՝ 9 %-ը, «Արմենիա» հ/ը՝ 12 %-ը: Ցուցակը գլխավորում է Հանրային հ/ը-ն՝ 18 %:

«Դուք ինչքանո՞վ եք վստահում կորոնավիրուսի վերաբերյալ հետևյալ տեղեկատվական աղբյուրներին» հաջորդ հարցմանն ի պատասխան էլ՝ հարցվողներն առավել հուսալի են համարել Պարետատունը՝ 57%, առողջապահության մասնագետներին՝ 50%,  ընկերներին և ընտանիքին՝ 41 %, ԱՀԿ-ին՝ 35 տոկոս, տեղական ԶԼՄ-ներին՝ 32 %, արտասահմանյան աղբյուրներից հարցվողների 14 %-ը հուսալի է համարել ռուսական մեդիայի անդրադարձները, և 8%-ը՝ արևմտյան մեդիայի անդրադարձները:

Տեսանյութեր

Լրահոս