«Եթե այսպես շարունակեք, մեր հաջորդ ակցիան լինելու է, որ Դուք հրաժարական տաք». ծնողը՝ ԿԳՄՍ նախարարին
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԳԹԿ և ԿԳՄՍՆ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է հրավիրել: Զուգահեռ դրսում՝ ԱԺ շենքի դիմաց, տեղի է ունենում ընդունելության քննություններից հետո դուրս մնացած դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիան:
Ծնողներից մեկը՝ Մասիս Բաբալյանը, հայտարարեց, որ չնայած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել քննարկման մասին, և իրեն էլ հրավիրել են, սակայն ոչ միայն ինքը, այլև իր տեղակալներից ոչ ոք քննարկմանը ներկա չէ:
«Ենթադրում եմ, որ իրենք իրենց այս քայլով փորձում են ոչ լուրջ վերաբերմունք ցույց տալ, այդ պատճառով բոլորի անունից հայտարարում եմ, որ այստեղից չենք գնալու, մինչև Արայիկ Հարությունյանը չգա ԱԺ և մասնակցի քննարկմանը, որ բոլորիս խնդրին լուծում տրվի: Չի կարելի, պարոն Հարությունյան, այդքան անտարբեր մնալ ձեր հայրենակիցների նկատմամբ: Ես Ձեր քայլով միայն մի բան եմ ենթադրում, որ Դուք մեր էս մասսային՝ 739 հոգուն՝ իրենց ընտանիքներով, փորձում եք արհամարհել: Դա Ձեր մոտ չի ստացվելու, խոստանում եմ: Լավ իմացեք, որ, եթե այսպես շարունակեք, մեր հաջորդ ակցիան լինելու է, որ Դուք հրաժարական տաք»,- ասաց Բաբալյանը:
Ծնողի խոսքով՝ քննարկմանը ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ ներկա է, սակայն նա չի կարող խնդրին որևէ հանգուցալուծում տալ, իսկ խնդրին քաջածանոթ է փոխնախարար Գրիշա Թամրազյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում