Թիկնապահները կարտագաղթե՞ն
«Մենք ներկայացնում ենք առաջարկներ, բայց լսողներ են պետք»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը` խոսելով հունվար ամսին ԱԺ-ում քննարկվելիք «Թիկնապահների մասին» օրինագծի մասին:
Ըստ նրա` օրինագիծը նախատեսում է, որ թիկնապահները պետք է լիցենզավորվեն. «Լիցենզավորման դեպքում թիկնապահները դառնում են Ոստիկանության և ուժային այլ կառույցների աշխատողներ և պետք է իրենց աշխատանքի մասին ինֆորմացիա տրամադրեն նրանց: Բնական է, որ թիկնապահները չեն ցանկանա անել դա: Եթե օրինագիծն ընդունվի, որ թիկնապահները պետք է լիցենզավորվեն, նրանք կարող են լքել Հայաստանը: Իսկ Հայաստանը գտնվում է վատ վիճակի մեջ. Հայաստանը շրջապատված է վտանգավոր հարևաններով: Վաղը կարող ա ընդհարումներ լինեն, ու այդ երիտասարդները մեզ պետք կգան»,- նշեց Արսեն Դավթյանը:
Վերջինիս փոխանցմամբ` օրինագիծը նախատեսում է, որ յուրաքանչյուր անձ երեքից ավելի թիկնապահ չի կարող ունենալ: Ըստ Արմեն Դավթյանի`օրենքը հեշտությամբ կշրջանցվի. «Պարզ է, որ միայն երեքը կգրանցվեն՝ որպես թիկնապահ, մյուսները կաշխատեն այլ պաշտոններում»:
Ըստ «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանի` նախ անհրաժեշտ է կայունացնել երկիրը, ինչն ինքնըստինքյան կհանգեցնի թիկնապահների թվի նվազեցմանը: