Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով ավտոմեքենաները
Ավտոներկրողներն ահազանգում են՝ Ռուսաստանում բռնում-տանում, կալանքի տակ են գցում և ստիպում են մաքսազերծել հայկական համարանիշով մեքենաները, ինչը հակասում է ԵԱՏՄ ընդհանուր տարածքի հիմնարար գաղափարին:
Նրանց փոխանցմամբ՝ ռուսները կապ են հաստատել իրենց հետ ու պատմել ստեղծված իրավիճակի մասին: Միայն Կրասնոդարում մեկ օրում առգրավել են 250 հայկական համարանիշով մեքենա:
«ՀՀ կառավարությունը հրատապ պետք է ռուսների հետ բանակցի, որպեսզի հասկանա հակահայկական արշավի դրդապատճառները և կանգնեցնի Ռուսաստանում հայկական մեքենաներն առգրավելու գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
Դավիթ Գասպարյանն էլ զարմանում է, թե ինչու հենց հիմա որոշեցին նման կերպ վարվել:
«3 տարի է՝ տանում են, նոր որոշեցի՞ն, որ չի կարելի: Ռուսը, ով արդեն կանխավճար էր ուղարկել, որ կորոնավիրուսից հետո գար մեքենան տաներ, հիմա զանգում-ասում է՝ կամ կանխավճարը հետ ուղարկեք, կամ էլ, թե՝ կանխավճարը մեզ պետք չէ, մեքենա չենք ուզում»,- նշեց նա:
ՀՀ-ում այս պահին, ավտոներկրողների մոտավոր հաշվարկով՝ մոտ 40.000 մեքենա կա: