Շվեյցարիայի և Ուկրաինայի նախագահները հուլիսի 23-ին կայցելեն Դոնբաս
Շվեյցարիայի եւ Ուկրաինայի նախագահներ Սիմոնետա Սոմարուգան եւ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 23-ին կայցելեն Դոնբաս: Այդ մասին բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի պետության ղեկավարը:
«Վաղը չէ մյուս օրը մենք կայցելենք Դոնբաս եւ մեր քաղաքացիներին ճակատամերձ գոտում»,- ասել է Զելենսկին: «Ինձ համար շատ արժեքավոր է եւ կարեւոր,- շարունակել է նա,- երբ աշխարհի ղեկավարները, որոնք ժամանում են Ուկրաինա, ինձ հետ մեկնում են Արեւելք եւ անձամբ տեսնում, թե Ուկրաինային որքան տառապանքներ է պատճառել պատերազմը»:
Զելենսկու խոսքով՝ իր շվեյցարացի պաշտոնակիցը բանակցությունների ժամանակ ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է ակտիվորեն օգնելու Դոնբասին, մասնավորապես, խմելու ջրի ապահովման գործում ենթակառուցվածքային նախագծերի արդիականացման միջոցով:
Ինչպես ընդ որում ասել է Զելենսկին, Շվեյցարիան միակ պետությունն է, որը մարդասիրական օգնություն է տրամադրում ուկրաինացիներին, ովքեր Դոնբասում պատերազմի հետեւանքով տուժել են սահմանազատման գծի երկու կողմերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: