Իսպանիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը 400 տոկոսով աճել է կարանտինի չեղարկումից հետո
Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 18 564 դեծք է հայտնաբերվել մեկ ամսում, որն անցել է երկրում բարձր պատրաստության ռեժիմի գործողությունն ավարտվելու պահից: Այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ այդ ժամանակամիջոցում շաբաթական հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե 400 տոկոսով աճել է այն ցուցանիշի համեմատությամբ, որը նախորդել է Իսպանիայում սահմանափակիչ ռեժիմի չեղարկմանը:
Հունիսի 21-ից կորոնավիրուսից մահացել է 99 մարդ, ավելի քան 1,1 հազարը հոսպիտալացվել է: Այս պահին երկրում ակտիվ է մնում հիվանդության ավելի քան 200 տեղային բռնկում:
Հունիսի 21-ին առողջապահության նախարարությունը հավաստել էր մեկ օրում 141 նոր ախտահարվածների, իսկ հուլիսի 20-ին թագավորության իշխանությունները հայտնել են 685 հայտնաբերված հիվանդացածների մասին:
Վարակի տարածումն սկսվելուց ի վեր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 265 հազար դեպք, ավելի քան 28,4 հազար հիվանդ մահացել է: Մարտի կեսերին Իսպանիայում բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել: Այդ միջոցը թույլ է տվել սահմանափակել բնակչության տեղաշարժը:
Ռեժիմի գործողությունն ավարտվել է հունիսի 21-ին: Իսպանիայում կորոնավիուսով վարակման մակարդակն զգալիորեն նվազել է ապրիլի ցուցանիշների համեմատությամբ: Այնուամենայնիվ սահմանափակումների մեղմացումից հետո երկրում ավելի ու ավելի հաճախակի են արձանագրում հիվանդության տեղային բռնկումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը