Պեկինի իշխանությունները տուրօպերատորներին թույլատրել են վերսկսել աշխատանքը երկրի ներսում
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները տուրիստական գործակալություններին թույլատրել են վերսկսել ուղեւորությունները երկրի ներսում: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Քաղաքային իշխանությունները COVID-19-ին շտապ հակազդելու մակարդակը հուլիսի 20-ին երկրորդից իջեցրել են մինչեւ երրորդ, քանի որ մայրաքաղաքում արդեն երկու շաբաթ է՝ չեն գրանցվել վարակման հաստատված նոր դեպքեր:
Այժմ տուրիստական գործակալությունները կարող են ուղեւորություններ կազմակերպել, բայց միայն այն նահանգներում, որտեղ կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը ցածր է, նշել է մշակույթի եւ զբոսաշրջության գծով քաղաքային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Չժոու Վեյմինը:
Ֆիրմաներին առաջվա պես արգելված է հանգստացողների տանել այն գոտիներ, որտեղ առկա է COVID-19-ի տարածման միջին եւ բարձր ռիսկ, եւ զբոսաշրջիկներ ընդունել դրանցից:
Մուտքի եւ ելքի տուրիզմ այժմ նույնպես հնարավոր չէ: Բայց չինացիներն իրենք հաճույքով են այցելում տուրիստական օբյեկտներ. այնտեղ հյուրերի թիվը վերջին ժամանակներս առավելագույն մակարդակի 30-ից աճել է մինչեւ 50 տոկոս: Տեսարժան վայրերի փակ տարածքներում էքսկուրսիաները թույլատրված են հակահամաճարակային միջոցները պահպանելու պայմանով:
Հունիսի 11-ից մինչեւ հուլիսի 20-ն ընկած ժամանակաշրջանում Պեկինում ընդհանուր առմամբ գրանցվել է COVID-19-ով վարակման 335 հաստատված լոկալ դեպք: Նրանցից 104-ը դեռեւս գտնվում են բուժման մեջ, 231-ը հիվանդանոցից դուրս է գրվել ապաքինվելուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: