Բաժիններ՝

Վաղաշեն համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել իրեն մեղասագրվող բոլոր արարքներում

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գործող ղեկավար Ա. Սուվարյանը 2015-2017թթ. ընթացքում, ընդհանուր 85 աշխատանքային օր չհաճախելով աշխատանքի և գտնվելով ՀՀ տարածքից դուրս, որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 952.445 ՀՀ դրամ գումար` յուրացնելով իրեն վստահված խոշոր չափերով այդ գումարը:

«Բացի այդ, Արթուր Սուվարյանը 2014-2016թթ. իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող GAZ 31105 մակիշի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և ծառայությունների մատուցման վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող թվով հինգ կատարողական ակտեր: Դրանց հիմքով «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ԲԲ ընկերությունը նշված ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և ծառայությունների մատուցման համար Վաղաշենի համայնքապետարանից փոխանցված 1.150.000 ՀՀ դրամին համարժեք վերանորոգել է նրա անձնական օգտագործման TOYOTA LAND CRUISER 4.5 մակնիշի ավտոմեքենան: Այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ համայնքի ղեկավարի կողմից յուրացվել է համայնքի բյուջեից իրեն վստահված խոշոր չափերով նշված գումարը:

Նախաքննությամբ հիմնավորվել էր նաև, որ Ա. Սուվարյանը 2017թ. հունվարից 2018թ. օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում որպես նպաստառու հաշվառված և նպաստ ստացող Վաղաշեն գյուղի բնակիչ Կ. Սուվարյանին փաստացի աշխատանքի է ընդունել որպես համայնքապետարանի վարորդ և աշխատանքի դիմաց ամսական վճարել աշխատավարձ՝ առանց վերջինիս որպես աշխատող գրանցելու: Այդ կերպ նա օժանդակել է Կ. Սուվարյանին նույն գործակալությունից խաբեության եղանակով կատարելու խոշոր չափերով՝ ընդհանուր 712.500 դրամ գումարի հափշտակություն:

Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Ա. Սուվարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Հակոբյանին՝ Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող կատարողական ակտերի կազմմանը, դրանց հիման վրա համայնքի բյուջեից խոշոր չափերով՝ 1.150.000 դրամի յուրացում կատարելուն օժանդակելու համար:

2020թ. հունիսի 16-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղարդանքի երկու անձի վերաբերյալ, ուղարկել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Դատարանում, արագացված կարգով քննության արդյունքում մեղադրող դատախազը միջնորդել էր ամբաստանյալ Ա. Սուվարյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկման ձևով: 2020թ. հուլիսի 20-ի դատավճռով դատարանը, Վաղաշենի համայնքապետին մեղավոր ճանաչելով առաջադրված բոլոր մեղադրանքներում, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել տուգանք՝ 1.500.000 ՀՀ դրամի չափով՝ նկատի ունենալով, որ նախաքննության փուլում վերջինս ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը, ընդունել է մեղադարանքները, տվել խոստովանական ցուցմունքներ, խնամքին ունի տարեց ծնողներ և հաշմանդամ մայր: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմամբ Ա. Սուվարյանն ազատվել է տուգանքի ձևով նշանակված հիմնական պատիժը կրելուց:

Որպես լրացուցիչ պատիժ՝ դատավճռով վերջինս 2 տարի ժամկետով զրկվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատասխանատու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Առանձին դատական ակտով «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման մասին օրենքի հիմքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս