Ես երբեք չեմ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը

«Ռուբեն Հակոբյանն առաջին իշխանության մաս է կազմել, եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը: Եթե բումերանգ է, ապա այդ բումերանգը պիտի գա Ռուբեն Հակոբյանին կպնի»,- այսպես էր պատասխանել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի` լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությանը, թե օրինաչափություն է, որ իշխանություններն անձեռնմխելիությունից զրկում են պատգամավորների` նախագահական ընտրությունների «շրջանակներում», և օրինաչափություն է, որ անձեռնմխելիությունից զրկում են ընդդիմադիր քաղաքական գործիչների: Սակայն դա ունենում է բումերանգի էֆեկտ: Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ ժամանակին ՀՀՇ-ն էր, հետո ՀՀՇ-ի նկատմամբ ևս իրականացվեց դա:

Ի պատասխան Արամ Մանուկյանի արձագանքին` Ռուբեն Հակոբյանը yerkir.am-ի հետ զրույցում նշել է. «Ցավում եմ, որ կան մարդիկ, ում մի քանի անգամ պետք է կրկնես, որ հասկանան: Չնայած հիմա էլ համոզված չեմ, որ կհասկանան, բայց կրկնեմ` ես երբեք չեմ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը, ես եղել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր և, միևնույն ժամանակ, Գերագույն խորհրդի հասարակայնության հետ կապերի վարչության պետ` հասարակական հիմունքներով: Ինձ մոտ գալիս էին մամուլի ասուլիսների Վազգեն Առաջինը, Սոս Սարգսյանը, ուժային կառույցների ղեկավարները և գրեթե բոլոր նրանք, ովքեր այդ ընթացքում ասելիք ունեին: Եվ շատ բնական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առավել հաճախ էր մասնակցում մամուլի ասուլիսների, որովհետև այդ վարչությունը ստեղծված էր ԳԽ շրջանակներում: Անկախությունից հետո առաջինը Հայաստանում մամուլի ծառայություն ես եմ ստեղծել և ղեկավարել: Ես իսկապես չէի ամաչի, եթե եղած լինեի Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը, ամաչելու բան չկա, բայց իրենք, դա հորինելով, հավանաբար ենթադրում են, թե ամոթ է, որ մեկն ու մեկը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին: Դա էլ իրենց խնդիրն է»:

Արամ Մանուկյանը նաև նշել էր, թե ՀԱԿ-ը «Ժառանգությանը», Դաշնակցությանը և ԲՀԿ-ին չի մեղադրում, որովհետև պետք չէ ընդդիմության մեջ սեպ խրել, քննադատել միմյանց, մանավանդ երբ խորհրդարանական ընդդիմության թիվը փոքր է: Կայքի հարցին, թե պե՞տք է թերությունների ու սխալների մատնանշումից խուսափել` հարաբերություննեը չփչացնելու համար, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Դա կապ չունի քաղաքականության հետ: Այդ դեպքում գուցե ՀԱԿ-ը չանդրադառնա՞ Մարտի 1-ի դեպքերին: Սա անհեթեթություն է: Եթե հարցն այն է, որ հատվածաբար պետք է անդրադառնանք` մինչեւ 98 թվականը ներկայացնելով հրաշալի, դրանից հետո` ահավոր, խնդիրն այլ է դառնում: Ճշմարտությունը պետք է լինի ամբողջական, կիսաճշմարտությունն առավել վտանգավոր է, քան բացարձակ սուտը: Իմ գործընկերները որդեգրել են հատվածական ճշմարտության սկզբունքը, որը կապ չունի քաղաքականության հետ և ընդամենը մի հատվածի շահն է ներկայացնում:

Ես խոսում եմ ընդհանուր երևույթի մասին, ես ասում եմ, որ համակարգի դեմ պայքարելու համար պետք է հասկանանք` որտեղ է շան գլուխը թաղված: Ես ասացի, որ այս ամենի պատճառը վերջին 20-22 տարիների ընթացքում ձևավորված համակարգն է, և այսօրվա Հայաստանում ստեղծված տխուր իրավիճակը պետք է դիտարկել այդ ժամանակահատվածում ստեղծված պատճառահետեւանքային կապի մեջ: Ես անդրադարձա և’ 1996 թվականի, և’ 2008 թվականի, և’ հոկտեմբերի 2-ի իրադարձություններին, իսկ մարդիկ ցավ են զգում, որ ասում ես` ինչու էիք խոշտանգում Սեյրան Ավագյանին կամ Դավիթ Վարդանյանին, երբ պայքարում էին կեղծված ընտրությունների դեմ: Վիրավորվում են: Ու մարդկանց հետ քաղաքականությունից խոսելը դժվար է դառնում»:

Տեսանյութեր

Լրահոս