Եթե կյանքը բումերանգ է, ապա այդ բումերանգը պիտի գա Ռուբեն Հակոբյանին կպնի

Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս եք վերաբերում «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն գնահատականին, որ կյանքը բումերանգ է և բոլոր իշխանությունների գործած մեղքերը հետ են վերադառնում: Ժամանակին այդպես են վարվել Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի հետ, իր հետ, Դավիթ Վարդանյանի կողոսկրերն են ջարդել:

Ա. Մանուկյանը պատասխանել է. «Ռուբեն Հակոբյանը առաջին իշխանության մասն է կազմել, և եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը: Ես չէի ուզի հիշել այդ դեպքերը: Հաճույքով չեմ հիշում, թե ինչպես էին ծեծում Արա Սահակյանին և ԱԺ նախագահին: Չվերադառնանք այդ ոչ հաճելի օրերին, երբ առևանգել էին ԱԺ նախագահին, նախագահի տեղակալին և ջարդելով դարպասները՝ ծեծուջարդ էին կազմակերպել պատգամավորների, փորձագետների նկատմամբ: Եկեք չհիշենք, էլի: Եթե բումերանգ է, ապա այդ բումերանգը պիտի գա Ռուբեն Հակոբյանին կպնի: Դուք ոնց որ թե հասաք ձեր ուզածին: Ես ոնց որ թե չէի ուզում ընդդիմության կամ ինչ-որ պառլամենտի այս թևի մեջ որևէ սեպ խրել, որովհետև այնքան շքեղ վիճակում չենք, որ նաև Դաշնակցություն քննադատենք: Այսօր դա ճիշտ չէ: Եթե կուզեք իմանալ՝ «Ժառանգությունը» տակտիկայի առումով սխալ է գործում: Դրա համար ես չէի ուզի անդրադառնալ, ոչ թե ասելիք չունեմ: Ես ավելի անկեղծ եմ: Տեսե՞լ եք այս ամբողջ ընթացքում մենք «Ժառանգությանը», Դաշնակցությանը, «Բարգավաճին», մնացածներին քննադատենք, կպնենք: Կարծում եք չկա՞ ասելիք, կա’: Բայց կրկնում եմ՝ տակտիկայի առումով այսօր այն վիճակը չի, որ իշխանության գցած սերմերը՝ օպոզիցիայում իրար բաժանելու, մենք կուլ տանք: Տակտիկայի առումով ես համարում եմ նման երևույթները սխալ»:

 

Տեսանյութեր

Լրահոս