Բաժիններ՝

«Պետք է կարողանալ տարբերել աշխատավարձը նվազագույն աշխատավարձից»

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղը հաշվվում է շուրջ 31.000 դրամ, և կառավարությունը որոշում է կայացրել նվազագույն աշխատավարձը բարձրացնել  35.000 դրամի: Հրանտ Բագրատյանը ևս  օրենսդրական  նախաձեռնությամբ է հանդես եկել, որ նվազագույն աշխատավարձը հասնի 72.500 դրամի, այս երկու հարցերը  դեռ չեն քննարկվել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Հակոբյանի կարծիքով՝ նվազագույն աշխատավարձը պետք է համապատասխանի տվյալ տնտեսական ժամանակահատվածում աշխատանքի արդյունավետությանը՝ անկախ այն բանից դա համապատասխանում է սպառողական նվազագույն զամբյուղին,  թե ոչ, քանի որ սրան պետք է նայել սոսկ տնտեսական  կատեգորիա:

«Պետությունը, որդեգրելով նվազագույն աշխատավարձի քաղաքականություն, պետք է կարողանա տարբերել աշխատավարձը և նվազագույն աշխատավարձը»,- ասել է նա` հավելելով, որ եթե այսօր մենք ունեք 40.000 դրամ քաղծառայողի աշխատավարձ, ապա 72 500 դրամ  չի կարող լինել նվազագույն աշխատավարձը, քանի որ  առաջին կարգի մասնագետը իր որակավորմամբ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձ ստացողը:

«Բացի նվազագույն աշխատավարձից, պետությունը ունի սոցիալական այլ ուղղություններ քաղաքացիներին օգնելու համար,  սա պետք է լինի միայն տնտեսական կատեգորիա և ոչ սոցիալական»,- նշել է Հակոբյանը՝ ավելացնելով, որ երբ նվազագույն աշխատավարձը լինի 72 500 դրամ, հանրային ծառայության կամ քաղծառայության առաջին կարգի մասնագետը պետք է ստանա դրանից բարձր աշխատավարձ:

«Հայրենական արտադրողների պաշտպանություն» միության  նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ իր հերթին հավելել է, որ հասարակությունը խնդիր ունի, որ այդ հարկաչափը 35 000 դրամը՝ ընդհանրապես չհարկվի: Մենք պետք է ունենանք  ամրագրված նվազագույն աշխատավարձ, որը  չհարկվի,  այս հարցադրումների մեջ կա տրամաբանություն ուղղված ժողովրդի սոցիալական վիճակի որոշակի բարելավմանը:

«Հարկավոր է լուրջ վերանայել մեր տնտեսական քաղաքականությունը՝  ստվերայնության կրճատումը, հարկային դաշտ պետք է բերվեն այն խոշոր տնտեսվարողները, որոնք հարկային դաշտում չեն: Այս ամենը խոսում է միայն նրա մասին, որ էական շտկումներ, փոփոխություններ պետք է կատարվեն  մեր հանրային կյանքում»,- ավելացրել է Սաֆարյանը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս