«Գիշերվա մարտական բավականին լայնածավալ գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չունի». Արծրուն Հովհաննիսյան
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է՝ ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները, հիմնականում՝ նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում մեկնել մարտական դիրքեր:
«Մենք ասում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են: Այս հարցով կոնկրետ այսօր կլինի Պաշտպանության նախարարության հայտարարությունը»,- շեշտեց նա:
Անդրադառնալով ադրբեջանական ընդհանուր կորուստներին, Արծրուն Հովհաննիսյան ասաց, որ հստակ գնահատել չի կարող:
«Դիտարկվող կորուստները կարող է մոտենալ 1-2 տասնյակի, բայց հստակ չեմ կարող ասել: Կսպասենք հակառակորդի հաստատմանը, ըստ այդմ՝ մոտավոր կհասկանանք, սովորաբար արդեն գիտենք իրենց ստելու չափաբաժինը»,- շեշտեց ՊՆ նախկին խոսնակը:
Այս համատեքստում Հովհաննիսյանը հայտնեց, որ գիշերվա մարտական բավականին լայնածավալ գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չունի:
Ինչ վերաբերում է մինչ այս եղած վիրավորներին, նրանց վիճակում չկա փոփոխություն, մեկ վիրավորի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ առավոտվա դրությամբ:
«Ունենք 10 վիրավոր, որից 5-ի վիճակը միջին ծանրության է և միջինից ծանր, իսկ այդ հինգ վիրավորներից մեկինը՝ ծայրահեղ ծանր»,- նշեց նա: