«Լայնամասշտաբ պատերազմի գնալը շատ հավանական չեմ համարում, միևնույն ժամանակ՝ չպետք է թերագնահատենք հիմարության գործոնը». Միքայել Զոլյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ վերջին օրերին հայկական բանակի գործողությունների հետևանքով բոլորի համար ակնհայտ է ադրբեջանական կողմի պարտությունը:
«Այստեղ ադրբեջանական իշխանությունը խնդիր ունի, հիմա նա չի կարող հենց այսպես ամեն ինչից հրաժարվել, փորձում է իր դեմքը փրկել, սակայն հակառակ արդյունքն են ստանում: Այսինքն՝ որքան փորձում են դիմել ագրեսիվ գործողությունների, այդքան ավելի կոշտ հակահարված են ստանալու: Հետևաբար՝ այստեղ Ադրբեջանի իշխանությունների համար շատ բարդ մի իրավիճակ է, ուստի կարծում եմ՝ որոշ ժամանակ դեռ նման սադրանքները կարող են շարունակվել: Ամեն դեպքում հայկական կողմի հակահարվածը ստանալով, նրանց համար միակ ելքը քարոզչական առասպելներ ստանալն էր, սա է պատճառը, որ Ադրբեջանում հայտարարում են, թե իբրև Հայաստանում հարյուրավոր զոհեր կան, և այլն, սա իրենց դեմքը փրկելու համար են անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին:
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանում իրավիճակը շատ պայթյունավտանգ է, և վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական կողմի բոլոր վերլուծությունները ճիշտ էին: Այնտեղ տեղի են ունենում ցույցեր, որոնք սկզբից հավանաբար կազմակերպվել էին իշխանության կողմից, սակայն դուրս եկան վերահսկողությունից, որի հետևանքով ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցան բախումներ:
«Այս համատեքստում, մենք տեսանք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը, որն ադրբեջանական իշխանության փորձված գործիչներից մեկն էր: Այս պայմաններում, եթե Ադրբեջանն ընդուներ իր պարտությունը, դա կնշանակեր՝ գնալ քաղաքական ինքնասպանության: Բնականաբար, նրանք դա չեն անելու և փորձելու են նոր սադրանքներ կազմակերպել: Այս պահին լայնամասշտաբ պատերազմի գնալը շատ հավանական չեմ համարում, քանի որ թշնամու համար նման քայլի գնալը կլիներ խելահեղություն: Միևնույն ժամանակ՝ մենք երբեք չպետք է թերագնահատենք հիմարության գործոնը, քանի որ հաճախ մարդիկ իրականության հետ կապը կորցնում են և ընդունում են սխալ որոշումներ: Այնպես որ, մեր բանակը պատրաստ է զանկացած զարգացումների»,- հավելեց Միքայել Զոլյանը:
Անդրադառնալով Մամեդյարովի հրաժարականի պատճառներին, պատգամավորը նշեց, որ բացի այն, որ վերջինս դարձել է Ալիևի գործողություննների համար քավության նոխազ, կան նաև կլանային բախումներ ու պայքար:
«Այս ամբողջ վիճակն այդ կլանային պայքարի արտահայտության ձևն է: Պարզ է, որ Մամեդյարովը չէր կարող այս ամենի մեղավորը լինել, քանի որ այդ երկրի արտաքին քաղաքականությունը որշում է նախագահը, և Մամեդյարովն ընդամենը կատարում էր այն որոշումները, որոնք ընդունում էին նախագահականում: Այս առումով, կարծում եմ՝ Մամեդյարովը քավության նոխազ է: Այս ամենով ադրբեջանական հասարակությանը ցանկանում են ցույց տալ, որ նոր մարդիկ են գալիս, իհարկե, սա ավելի պարզ կլինի այն ժամանակ, երբ տեսնեք, թե ով է փոխարինելու Մամեդյարովին: Այդուհանդերձ նման կադրային փոփոխությունները չեն հանգեցնում Ալիևի իշխանության բնույթի փոփոխության, նրանց մոտեցումն Արցախի բանակցային գործընթացին կշարունակի մնալ նույնը»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում