Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանում որոնվող ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ ադրբեջանական զինծառայողների կողմից Սարդարյանը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին։

Նշվում է, որ Նարեկ Սարդարյանը զբաղվում է նախրապանությամբ։

«Արմենպրես»-ին Ազգային անվտանգության ծառայությունից փոխանցեցին, որ հրապարակումների վերաբերյալ առաջիկայում տեղեկություն կտրամադրեն։

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։

Տեսանյութի հրապարակմամբ Ադրբեջանը կրկին խախտել է միջազգային կոնվենցիաները։

Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ևս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերոնշյալին՝ գրելով․ «Ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկություն են հայտնում, որ վերջերս Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն անհետացել էր օրեր առաջ, իրենց մոտ է։ Փաստորեն մեր քաղաքացու ընտանիքի վարկածը (նրանց այցելել էինք Սյունիք կատարած այցի ժամանակ) որ վերջինս արոտավայրից անհետացել է թշնամու մոտ պատահաբար հայտնվելու պատճառով հաստատվեց:

Ադրբեջանցիները ինչպես միշտ խեղաթյուրում են իրականությունը և ներկայացնում, որ Նարեկ Սարդարյանը օգտվել է իրավիճակից և փորձ կատարել միտումնավոր անցնել սահմանը Նախիջևանի կողմից»։

Տեսանյութեր

Լրահոս