Բաժիններ՝

«Տարածքում լրագրողներ կան…». Թե ինչո՞ւ Գյումրու քաղաքապետարանում հանկարծ սրտացավ դարձան

Գյումրիում տեղացած երեկվա աղետալի կարկտախառն անձրևը մեծ ավերածություններ է գործել քաղաքում, վնասվել են բնակելի տնակային ավաններ, ճանապարհներ, մարդիկ լուրջ խնդիրների առաջ են կանգնած:

Բնական է, որ այդ աննախադեպ հորդառատ անձրևից հետո այսօր քաղաքում լրագրողների պակաս չէր լինելու, և այս պահին էլ 168.am-ի նկարահանող խումբն աշխատում է Գյումրիում, տեղում ծանոթանում իրավիճակին, ուղիղ միացումներ ու ռեպորտաժներ տալիս բնական աղետից տուժած քաղաքից:

Ըստ մեր նկարահանող խմբի՝ երեկվա կարկտախառն անձրևից հետո դեպի Գյումրիի ավտոկայանին կից տնակային ավան տանող ճանապարհահատվածն ահավոր վնասներ է կրել, ճանապարհի ողջ ասֆալտը դուրս է եկել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկ անգամ Գյումրի տանող մուտքն էր փակ, և Երևանից Գյումրի մտնելու համար ավտոմեքենաները ստիպված են եղել շրջանցել հիմնական ճանապարհն ու քաղաք մտնել Գուսանագյուղով:

Այսօր արդեն Գյումրիի քաղաքային իշխանությունները հրատապ կերպով խիճ ու ավազ են լցրել վերոնշյալ ճանապարհի վրա՝ առաջին հերթին լրատվամիջոցների համար տպավորություն ստեղծելով, թե ամեն բան կարգին է, ճանապարհը նորմալ է, չի վնասվել, և միայն տներն են տուժել:

Թե ինչո՞ւ է Գյումրու քաղաքապետարանը շահագրգիռ, որ ծածկադմփոց արվի ու չխոսվի ճանապարհների վնասվելու մասին, կարող ենք միայն ենթադրել: Նշենք միայն, որ ավազը լցնելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները ժամանեցին նշված վայր, ուր մեր նկարահանող խումբն ուղիղ հեռարձակմամբ իրավիճակն էր ներկայացնում Գյումրիում ու լսում քաղաքացիների բողոքները, մինչդեռ, երբ քաղաքացիներն իրենք էին գնացել Քաղաքապետարան, որ ներկայացնեն իրավիճակը, նրանց անգամ ներս չեն թողել, ասել են, որ, եթե իրենց տնակներին բան չի եղել, չեն կարողանա որևէ կերպ օգնել նրանց, հորդորել էին կեղտոտ գույքը լվանալ ու օգտագործել:

Երևի նրանց տեղեկացրել էին, որ տարածքում լրագրողներ կան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս