ԱՄՆ-ում թափուր աշխատատեղ է հայտնվել, որի համար պետք է ապրել գերեզմանատանը
Միացյալ Նահանգներում ստեղծագործական թափուր աշխատատեղ է բացվել, որի համար պետք է գերեզմանատանը բնակվել: Այս մասին հայտնում է Brooklyn Paper տեղական հրատարակությունը:
Արվեստի ծրագրի շրջանակներում նկարիչ-դիմորդին առաջարկվում է ապրել Նյու Յորքի Գրին-Վուդ գերեզմանատան տարածքում:
Ծրագրի մասնակիցները ապրելու են գերեզմանատան տարածքում ինը ամիս՝ 2021 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր: Նկարչին հասանելի կդառնան Գրին-Վուդի մասին արխիվային փաստաթղթերը:
Նկարչից պահանջվելու է ստեղծել գերեզմանատան մասին ստեղծագործական նախագիծ: Նա նաև պետք է գոնե մեկ դասախոսություն անցկացնի իր գործունեության վերաբերյալ:
Ծրագրի ավարտից հետո դիմորդը կստանա փոխհատուցում՝ 7.5 հազար ԱՄՆ դոլարի չափով:
Գրին-Վուդը Բրուքլինի զբոսաշրջային վայրերից է: Հասարակական, քաղաքական, մշակութային մի շարք գործիչներ և այլ հայտնիներ թաղված են գերեզմանատանը: Այնտեղ պարբերաբար անցկացվում են էքսկուրսիաներ և միջոցառումներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը