Դատավարություն՝ թշնամու արկերի տակ
Վաղը, ըստ գրաֆիկի, Աննա Դանիբեկյանը շարունակելու է դատել Ռ. Քոչարյանին, Ս. Օհանյանին, Յու. Խաչատուրովին։ Հ1-ը, «Ազատությունը» և «Իմ քայլն» էլ, ավանդաբար, ապահովելու են «բարենպաստ» ֆոն։
Վաղվա դատը սիմվոլիկ է. այն բառիս բուն իմաստով կայանալու է ադրբեջանական արկերի տակ։
Վաղվա դատը պետության ինքնաապտակն է, ամենակոպիտ ինքնագոլը՝ որևէ պետության պատմության մեջ։ Քիչ պետություններ ու քիչ իշխանություններ կան, որ նման էպիզոդներ են ունենում։
Վաղը դատելու են ադրբեջանական ղեկավարների երկու սերնդի՝ հայր և որդի Ալիևներին պատմականորեն խեղճացրած և պատմականորեն հաղթած Ռոբերտ Քոչարյանին, գեներալներ Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին, որոնք մեր բանակի հիմնադիրներն են և հաղթել են ադրբեջանական բանակին, իսկ այսօր նրանց որդիներն են, որպես հրամանատարներ, անում նույնը, մեկը Տավուշում, մյուսը՝ Արցախում։
Վաղվա դատական նիստի տեսագրությունը մենք կարող ենք որպես նվեր ուղարկել Իլհամ Ալիևին՝ սեփական բանակի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար։
Օրերս ընդունված՝ «Ազգային անվտանգության ռազմավարության» մեծածավալ փաստաթղթի փոխարեն կարելի էր գրել մեկ նախադասություն. պատահական իշխանությունը պետության համար ամենամեծ վտանգն է, սեփական սխալները պետությունների ամենամեծ ռիսկերն են։ Ադրբեջանական վտանգն այս անգամ էլ իհարկե կհաղթահարենք, հերթական անգամ՝ պետության ամենակայացած օղակի՝ բանակի շնորհիվ։ Բայց հետևություններ պետք է արվեն՝ շատ լուրջ և խորքային։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ