Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է հայ գործընկերներին օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Շնորհակալություն հայտնելով իտալացի բուժաշխատողներին աջակցության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ավելի հաճելի կլիներ նրանց հյուրընկալել ոչ թե համավարակի պայմաններում, այլ՝ Հայաստանը տեսնելու ու բացահայտելու նպատակով այցի շրջանակում: «Բայց հիմա աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համավարակին դեմ հանդիման, մեր երկու երկրները լուրջ փորձությունների միջով են անցել և անցնում: Դուք այստեղ եք՝ մեզ օգնելու,-ասել է նախագահը: -Ուստի այսօր բոլորիդ և յուրաքանչյուրիդ անձնապես շնորհակալություն ասելու պահ է, շնորհակալություն Իտալիային, Իտալիայի ժողովրդին, իմ լավ բարեկամ, նախագահ Սերջիո Մատարելլային: Սա ցույց է տալիս, որ մենք ոչ միայն դժվարին օրերի ընկերներ ենք, այլև որ երկու հինավուրց ժողովուրդների՝ հազարամյակներով շարունակվող բարեկամությունը հարատև է»:

Նախագահը բոլոր բուժաշխատողներին հրավիրել է համավարակի հաղթահարումից հետո կրկին այցելել Հայաստան:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն նշել է, որ իտալացի բուժաշխատողների՝ համավարակի դեմ պայքարի փորձն օգտակար կլինի հայ գործընկերների ու բարեկամ հայ ժողովրդի համար: «Կորոնավիրուսի համավարակից քաղած դասերից հիմնական ուղերձն այն է, որ միայն համագործակցությամբ է հնարավոր հաղթահարել այս մարտահրավերը: Համավարակը մեզ սովորեցրեց, որ ոչ թե փոխկապակցվածությունն է կարևոր, այլ միասնականությունը»,-նշել է դեսպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս