Մենք պետք է հասկանանք, որ եթե որևէ որակով բան ենք ուզում, ապա դրա արժեքը բարձր է. «Իմ քայլի» պատգամավորը` պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձ ստանալու մասին

Մենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստանում, և ԱԺ նախագահը հայտարարել է, որ պարգևավճարային ֆոնդը փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդ: Այս մասին այսօր «Զրույց քաղաքացու հետ» ֆեյսբուքյան զրույցի շրջանակում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Պատգամավորի մաքուր աշխատավարձը՝ հանած բոլոր հարկերն ու տուրքերը, կազմում է 461 հազար դրամ, դրան գումարած 150 հազար դրամ պարգևավճարը»,-ասաց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, որ հուլիսի մեկին իր հաշվին փոխանցվել է 496 հազար դրամ, այսինքն` սա չի ներառում այն, ինչ կոչում են «պարգևավճար»՝ իրավական անվանումով, և հատկապես պատգամավորի պարագայում չի կարող լինել պարգևավճար:

««Պարգևավճար» կոչվող գումարները ստանում են, օրինակ, նաև ընդդիմության պատգամավորները, սա նորմալ է, բոլորն են ստանում, և բոլորը նույն չափով են ստանում, որը գալիս է հաստատելու, որ սա պարգևավճար չէ, այլ ֆիքսված մի գումար է, որը նրանց աշխատավարձի մաս է կազմում: Մենք պետք է այս խնդիրը իսկապես լուծենք, որ իրավական տեսանկյունից այդ գումարը նույնպես չկոչվի պարգևավճար, որ թյուրըմբռնում չստեղծի քաղաքացիների մոտ»,-ասաց նա: Մարիա Կարապետյանն ասաց, որ ԱԺ նախագահի որոշմամբ` ոչ միայն պատգամավորների, այլ նաև աշխատակազմի պարգևավճարը կուղարկի համավարակի դեմ պայքարի ֆոնդ:

Սուրեն Գրիգորյանն ավելացրեց, որ եթե այդ գումարն ի սկզբանե աշխատավարձի մաս կազմեր, ապա այս իրավիճակում ԱԺ նախագահը չէր կարող ուղղել մեկ այլ ուղղությամբ: «Բացի օբյեկտիվ հարցերից, ես տեսնում եմ, որ այս թեման շատ շահարկվում է: Օրինակ, իմ կարծիքով` փորձ է կատարվում կասկածի տակ դնել, որ պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, ներկայացվում է, որ անպայման նվիրյալներ եք, պետք է մի դրամով աշխատեք: Մենք պետք է հասկանանք, որ մենք եթե որակով որևէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է»,-ասաց նա և նշեց, որ մի ամբողջ համակարգ հայրենասիրական դրդումների վրա չեն կարող կառուցել:

Պատրաստեց tert.am-ը

Տեսանյութեր

Լրահոս