Բաժիններ՝

«Իմ մասին մեկ-մեկ այնպիսի բաներ են գրում, որ ես էլ եմ զարմանում». Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեն կրճառում ծառայողական մեքենաները, քանի որ ընդդիմություն եղած ժամանակ ներկայիս վարչապետը մեծ թվով ծառայողական մեքենաների առկայությունը քննադատում էր:

«Ես առհասարակ զարմանում եմ՝ ինչու չեք քննարկում, օրինակ, մենք, որ մենք ապրո՞ւմ ենք, թե՞ չենք ապրում, հաց ուտո՞ւմ ենք, թե՞ ոչ, շոր կարողանո՞ւմ ենք մեզ գնել, թե՞ ոչ: Ես հասկանում եմ, որ ուռճացնելն ու ամեն ինչ ծայրահեղացնելը շատ հարմար է, բայց ծառայողական մեքենաների 60 տոկոսը կրճատվել է տարբեր գերատեսչություններում: Ազգային ժողովի ծախսերը կրկին ահռելի չափով կրճատվել են: Ամեն ամիս տարբեր լրատվամիջոցներ իրենց պարտքն են համարում քննարկել, թե պատգամավորներից ով է 100-200  հազար դրամ ավելի գումար ստացել, հետո գումարում են իրար և վերնագիր ստանում դոլարի վերածելով: Այստեղ մոռանում են գործուղումների, ավտոմեքենաների մասին, որն ԱԺ-ն վերադարձնում է պետական բյուջե, որովհետև չի ծախսում, սրա մասին որևէ մեկը չի խոսում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում 22 մեքենա է կրճատվել:

Հարցին՝ ԱԺ փոխնախագահին ծառայողական մեքենան իսկապե՞ս անհրաժեշտություն է,  Ալեն Սիմոնյանը դրական պատասխան տվեց.

«Հաճախ կարիք է լինում մի տեղից մեկ այլ տեղ գնալ՝ սկսած պաշտոնական միջոցառումներից, վերջացրած կոնկրետ գործի հետ կապված: Այդ մեքենան դարձրել եք շատ կարևոր մի բան, ինքս ամբողջ կյանքում մեքենա ունեցել եմ, շաբաթ-կիրակի օրերին աշխատել եմ նաև ծառայողական մեքենան չկանչել: Ես դրա իրավունքն ունեմ, սա կարգավիճակից բխող որոշ պաշտոնական այրերի համար նախատեսված բան է, որը հեշտացնում է աշխատանքը: Իրականում ես ուրախ եմ, որ սա ենք թեմա սարքում, քանի որ չենք քննարկում, որ, օրինակ, Ալեն Սիմոնյանն ինչ-որ շենքում 50 տոկոս փայ ունի, կամ, որ Ալեն Սիմոնյանի տղան  ինչ-որ մեկին գցել է մեքենայի տակ: Մեր առօրյայի մեջ այլևս նման քննարկում չկա՝ Ալեն Սիմոնյանն իր մեքենան կայանել է սխալ տեղում, թող սա լինի Նոր Հայաստանի ամենամեծ խնդիրը, և ես պատրաստ եմ նման Հայաստանում ապրել: Իմ մասին մեկ-մեկ այնպիսի բաներ են գրում, որ ես էլ եմ զարմանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս