8 միլիոն 857 հազար ԱՄՆ դոլարի գնում՝ մեկ անձից՝ հրատապ կարգով. Կառավարությունը որոշումն ընդունեց

Այսօր Կառավարությունը հավանություն տվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ մեկ անձից գնումներ կատարելու առաջարկին: Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ է այդ գնումն այդքան հրատապ:

«Ձեր քննարկմանն է ներկայացվում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության կողմից բոլորովին վերջերս հավանության է արժանացել  «Մասրիկ-1»  արևային կայանի կառուցումը, ինչը ենթադրում է ՀՀ կառավարության որոշակի պարտավորություններ, այն է՝ էլեկտրաէներգիան պետք է ընդունվի «Լիճք» կայանի կողմից, այս փուլում «Լիճքն»  ի վիճակի չէ դա իրականացնել, քանի որ շահագործման է հանձնվել 1961թ.-ին, և շինարարական աշխատանքների կարիք կա: Հաշվի առնելով հանգամանքը, որ «Մասրիկ-1»-ի ֆիանսնավորումը մեր կողմից արդեն հաստատվել է, շինարարությունը շուտով կսկսվի, հրատապ քայլեր են պետք, որ կարողանանք ավարտել «Լիճք»-ի շինարարությունը»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ այն ընկերություններից, որոնց հարցում է ուղարկվել, գնային առաջարկ ներկայացրել է միայն Kaskad-Energo LLC ընկերությունը: Պապիկյանը նշեց, որ առաջարկում են նրանց հետ 8 միլիոն 857 հազար ԱՄՆ դոլարի պայմանագիր կնքել ՝ առանց ավելացված արժեքի հարկի, քանի որ աշխատանքները պետք է շուտ սկսել, իսկ նշված ընկերությունը միակն է, որն արձագանքել է:

Տեսանյութեր

Լրահոս