Կառավարությունն օտարում է ԱԱԾ-ին կցված անշարժ գույքը. հրավիրվում է ներդրողների ուշադրությունը
Այսօր Կառավարության որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը թույլատրվեց մրցույթով օտարել ԱԱԾ-ին կցված Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832 քմ մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8 հեկտար մակերեսով հողամասը:
«Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 062 100 320 դրամ: Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 56 257 680 դրամ, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 825 864 դրամը»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ի՞նչ վիճակում են մրցույթի դրված նմանատիպ մյուս երկու գույքերը: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ դրանց մրցույթները դեռ չեն կայացել:
«Մրցույթներից մեկի օրը սահմանված է հուլիսի 23-ը, մյուսի օրն ավելի ուշ՝ օգոստոսին: Հետաքրքրություններ կան, ավելին ասել չեմ կարող»,- ասաց Բաբայանը:
Փոխվարաչպետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս գույքով ժամանակին ենթադրվել է, որ կլուծվի ԱԱԾ որոշ աշխատակիցների բնակարանային խնդիրները:
«Ցավոք սրտի, գույքն այն վիճակում չի եղել, որ հնարավոր լինի այդ խնդիրը լուծել: Այս նույն որոշմամբ մենք նաև հետագա գործընթաց ենք սահմանում ԱԱԾ-ին համապատասխանաբար ֆինանսական միջոցներ հատկացնել գույքի վաճառքի դեպքում, որով կկարողանանք լուծել ԱԱԾ աշխատակիցների բնակարանային հարցերը»,- ասաց Ավինյանը: