«Այդ հռետորաբանությունն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ՝ ցանկացած զարգացման մեր երկիրը պատրաստ է». Լիլիթ Մակունցը՝ Ալիևի հայտարարության մասին

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը մի շարք լրատվամիջոցներին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է «պասիվության» համար՝ ասելով․

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանն առ այն, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Այդ հայտարարությունը տապալում է բանակցությունները և դրանք անիմաստ դարձնում: Այսօր կարգավորման բանակցություններ փաստացիորեն չկան, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից էլ ոչ մի օգուտ չկա: Դա զուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցությունները առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց»։

168.am-ն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, թե այս հայտարարության հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեն, ի՞նչ դիրքորոշում ունի առհասարակ հայկական կողմը:

«Հարցին խորհրդարանի մասով կանդրադառնամ, թույլ տվեք Արտգործնախարարության անունից չխոսել: Խորհրդարանի առանձին պատգամավորներ անդրադարձել են այդ ելույթին, այդ թվում՝ նախկինում եղած ելույթներին: Եթե ուշադիր հետևենք Ալիևի հռետորաբանությանը, նախկինում եղած հռետորաբանությունից որևէ բանով չի փոխվել: Այդ հռետորաբանությունն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ:  Ինչ վերաբերում է բանակցություններից հրաժարվելուն, ապա դրա պատասխանը Հայաստանի Հանրապետությունն արդեն տվել է, որ բոլոր գործընթացները պետք է տանեն հարցի խաղաղ կարգավորմանը, իսկ մնացյալ ցանկացած զարգացման մեր երկիրը պատրաստ է և ամեն կերպ պաշտպանելու է մեր հայրենակիցների անվտանգությունը»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս